Ինչպես հայտնի է, ժամանակակից ֆուտբոլում տրանսֆերտների գները հասել են աստղաբաշխական թվերի եւ շարունակում են մեծանալ երկրաչափական պրոգրեսիայով։

20-րդ դարի ամենալավ Մադրիդի «Ռեալ» ակումբը մեծ մասնակցություն ունի այդ գործում։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գումար չի խնայում սուպերաստղեր գնելու համար, ինչն անշուշտ դուր չի գալիս մյուս ակումբներին, նաեւ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին, ով վերջերս հայտարարությամբ է հանդես եկել։

Ֆրանսիայի հավաքականի եւ իտալական «Յուվենթուսի» նախկին խաղացողը մտադիր է սահմանափակումներ մտցնել ֆուտբոլիստների համար վճարվող գումարներում։

«Ես դեմ չեմ լիբերալիզմին, միայն խնդրում եմ, որ հարգեն եւ հետեւեն էթիկայի կանոններին»,- հայտարարել է Պլատինին, ով մոտակա ժամանակներս պատրաստվում է ներկայացնել «Մաքուր ֆինանսական խաղ» անվամբ նոր նախագիծ։ ՈւԵՖԱ-ի ղեկավարը հավաստիացնում է, որ նախագիծը , որի մանրամասները դեռեւս չեն հայտնում, չի ստեղծվել «Ռեալի» նման ակումբներին վնասելու համար։ Պլատինիի խոսքով, ինքը ձգտում է օգնել ակումբներին։ «Ես ուզում եմ պարզապես օգնել ակումբներին, այլ ոչ թե սպանել նրանց։ Մեկ ֆուտբոլիստի համար 94 մլն եվրոն շատ շատ է»։

Հիշեցնենք, որ Պլատինին նկատի է ունեցել անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդույին, ով վերջերս է փոխադրվել Մադրիդի «Ռեալ»։