Սա ուշացած խոստովանություն է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը կարող է զարգանալ Հայաստանի համար ոչ նպաստավոր ճանապարհով:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հայտարարությունը, թե «Թուրքիան, փորձելով կապել հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացները, կարող է ձախողել թե մեկը, թե մյուսը»:
«Վստահ եմ, որ արհեստավարժ դիվանագետները պետք է կազմեին այնպիսի փաստաթուղթ, որը առարկա չդառնար մտահոգությունների համար, ինչի մասին բազմիցս խոսել է Հայ Ազգային Կոնգրեսը, հիմա էլ վերջապես հասկացել են պաշտոնյաները»,- նշեց Կարապետյանը եւ հավելեց. «Սա ուղիղ հետեւանքն է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների բովանդակության եւ վկայում է դա կազմած դիվանագետի (նկատի ունի Էդուարդ Նալբանդյանին-NEWS.am) ոչ արհեստավարժության մասին»:
Հիշեցնենք, որ Նալբանդյանը նման հայտարարություն էր արել՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երեկ արած հայտարարությունը, թե «սահմանը չի բացվելու առանց ղարաբաղյան հարցի կարգավորման»:




























