Սեպտեմբերի 19-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան Խուան Անտոնիո Մարկ Պուժոլին (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճեի հանձնման կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում կարեւորվել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակույթի, կրթության եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը եւ դեսպան Պուժոլը անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ այդ շրջանակներում երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Ի դեպ, նոր դեսպանը 2004-2007թթ. զբաղեցրել է ՄԱԿ-ում Իսպանիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը, իսկ 2007թ-ին. նշանակվել է Իսպանիայի դեսպան Ռուսաստանում: Այժմ նա համատեղության կարգով նաեւ Հայաստանում Իսպանիայի դեսպանն է: