Ռուս օրինապահները անհանգստություն են հայտնում երկրում շարունակվող քսենոֆոբիայի եւ ազգային անհանդուրժողականության հողի վրա կատարվող հարձակումների առնչությամբ։
Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տվյալներով, տարեսկզբից կատարվել է նմանօրինակ շուրջ 170 հանցագործություն, ինչի արդյունքում զոհվել է 53, տուժել՝ 200-ից ավել մարդ։
Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել է բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Բրոդը, հունվարից մինչեւ սեպտեմբերի կեսն ընկած հատվածում առավել շատ հարձակումներ եղել են ուզբեկների վրա (13 զոհ, 9 տուժված)։ Հայերը սափրագլուխների հարձակումներից ավելի քիչ են տուժել. վերը նշված ժամանակահատվածում սպանվել է 2, տուժել 9 մարդ։ Նույն ժամանակահատվածում թշնամանքի հողի վրա Ռուսաստանում սպանվել է նույնքան ադրբեջանցի, տուժել են 12-ից ավելին։
Իրավապաշտպանների տվյալներով, հարձակումներից շատերի հետեւում կանգնած են սափրագլուխները եւ մի շարք ազգային խմբավորումներ։ Առավել հաճախ նրանք հարձակվում են Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից եկածների, սեռական փոքրամասնության ներկայացուցիչների եւ ոչ ավանդական մշակույթի հետեւող երիտասարդության վրա։




























