Բոլնիսում (Քվեմո-Քարթլի, Վրաստան) «Պատմություն, հիշողություն, խաղաղություն» թեմայով օրերս կայացած թրենինգին ղարաբաղյան իրավապաշտպան, «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» կազմակերպության տնօրեն Ալբերտ Ոսկանյանը մարզչի կարգավիճակով աշխատանքներ է տարել «Կովկաս՝ իմ տուն» ստորաբաժանմունքում։
Ինչպես հայտնել է Ալբերտ Ոսկանյանը, թրենինգը կազմակերպվել է Բոլնիսի շրջանի վրացի, հայ եւ ադրբեջանցի երիտասարդների համար, , իսկ մարզիչների դերում հանդես են եկել «Օմնիբուս 1325» Խաղաղության Մոբիլ Ակադեմիայի շրջանավարտները Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից եւ Լեռնային Ղարաբաղից։ Կազմակերպված են եղել «վարպետաց դասեր»՝ խաղաղարարության եւ գենդերային թեմաներով։
«Բոլնիսի շրջանի երեք հասարակությունների ներկայացուցիչները զուգահեռներ են տարել, ընդհանրություններ են գտել սովորույթներում, մշակույթներում, ավանդույթներում, ասացվածքներում եւ իրենց ազգերի անուններում։ Անկաշկանդ մթնոլորտում կայացել է հարավկովկասյան ժողովուրդների խոհանոցների համեմատում, ճաշատեսակների համտես»,- նշել է Ալբերտ Ոսկանյանը։
Նրա խոսքերով, «Օմնիբուս-1325»-ի շրջանակներում տեղի ունեցող նմանօրինակ թրենինգներ կանցկացվեն Հարավային Կովկասի բազմաթիվ շրջաններում նաեւ ապագայում։
Ավելի վաղ «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի» տնօրենը Կովկասի այլ ներկայացուցիչների հետ միասին Բեռլինում երեք տարի սովորել ու հաջողությամբ ավարտել է որակավորման կուրսերը, որոնք նպատակ ունեն պատրաստել մանկավարժներ «Գենդերային ասպեկտները խաղաղարար գործունեության մեջ. Օմնիբուս -1325 խաղաղության մոբիլային ակադեմիայի» շրջանակներում՝ ստանալով համապատասխան սերտիֆիկատ։
Նրա խոսքերով, նշյալ հմտություները կօգտագործվեն կազմակերպության իրականացվելիք ծրագրերում, մասնավորապես նրանցում, որոնք վերաբերում են նախկին ռազմագերիներին, պատանդներին եւ նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ նախկին բանտարկյալներին, կրոնական փոքրամասնություններին եւ այլոց։




























