ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ուղերձ է հղել Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի մասնակիցներին, որտեղ մասնավորապես ասվում է.

«Համաժողովի հարգելի մասնակիցներ,

Ողջունում եւ ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ իրավաբանների համահայկական առաջին համաժողովի մեկնարկի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված այս միջոցառումը իր դերակատարությունը կունենա հայ իրավական մտքի զարգացման գործում:

Իրավական ոլորտը հայոց անկախ պետականության զարգացման եւ ամրապնդման հանգուցային բաղադրամասերից մեկն է: Այն առնչվում է եւ ներքին, եւ արտաքին քաղաքական հիմնահարցերին:

Այս համատեքստում համայն հայության գիտական ներուժի համար բացվում է լայն դաշտ` Արցախյան հիմնահարցի իրավական տարբեր ասպեկտների ուսումնասիրություններ իրականացնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա էլ ավելի ամրապնդել մեր փաստարկներն ու մոտեցումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Հայոց անկախ պետականության զարգացումը եւ զորացումը անմիջապես կապված է քաղաքացիական պետության եւ ժողովրդավարական արժեքների շարունակական ամրապնդման ու արմատավորման հետ: Այդ գործընթացում մեծ է նաեւ ձեր` իրավաբաններիդ դերը: Աշխատանքներն այս ուղղությամբ պահանջում են բարձր արհեստավարժություն, սկզբունքայնություն, ազնվություն եւ, իհարկե, համառ աշխատանք:

Առանձնակի կարեւորություն ունի ողջ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի սերտ համագործակցությունը: Հայկական հզոր Սփյուռքի առկայությունը հնարավորություն է ընձեռում ավելի արդյունավետորեն լուծել մեր առջեւ ծառացած հիմնախնդիրները` ուսումնասիրելով եւ օգտագործելով այլ պետությունների փորձը:

Այս տեսանկյունից իրավաբանների համահայկական համաժողովը, որը կազմակերպված է բարձր ներկայացուցչական մակարդակով` պետական իշխանության մարմինների, հայ ժողովրդի տարբեր հատվածների գիտական եւ քաղաքական շրջանակների մասնակցությամբ, ստանում է յուրահատուկ կարեւորություն:

Վստահ եմ, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները եւ կնպաստի իրավական ոլորտում գործնական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, իսկ նրա մասնակիցներին` հաջողություններ` հանուն հայոց պետականության հզորացման, մեր ժողովրդի նվիրական իղձերի իրականացման»: