Եգիպտոսի հեղափոխությունը դեռեւս ավարտված չէ, եւ եգիպտոսցի ժողովուրդը Թահրիր հրապարակում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ իր բոլոր պահանջները չեն կատարվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցոմ նման տեսակետ հայտնեց արաբագետ Երվանդ Մինասյանը։

«Նրանց պայքարը շարունակական է լինելու։ Չնայած եգիպտոսցիները վստահում են զինվորական ղեկավարությանը, սակայն միաժամանակ վախ ունեն, որ բանակը կարող է շրջանցել իրենց պահանջները։ Այդ է պատճառը, որ ցուցարարները 11 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել զինվորականությանը՝ ցրել խորհրդարանը, չեղյալ հայտարարել Սահմանադրությունը, նոր, 5 հոգուց բաղկացած ղեկավարություն ստեղծել, որի միայն մեկ անդամը զինվորականության ներկայացուցիչ կլինի»,- նշեց արաբագետը։

Հարցին, թե Եգիպտոսում որ ուժերն ունեն իշխանության գալու ամենամեծ հնարավորությունները, Մինասյանը նկատեց. «Իսլամիստական ուժերին կարելի է միանգամից բացառել, մանավանդ նրանք իրենք էլ չեն ցանկանում իշխանության գալ։

Ամենայն հավանականությամբ` երկրի գլուխ կկանգնեն լիբերալները»,- տեսակետ հայտնեց Մինասյանը՝ ասածը հիմնավորելով փաստով, որ ժողովրդական շարժումը ազատական հայացքների միտում ունի։
Նշենք, որ նախօրեին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը պաշտոնաթող էր եղել, իշխանությունն անցել էր զինվորական խորհրդին, որը ղեկավարում է պաշտպանության նախարար Մոհամեդ Թանթաուին։