Գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալը ձեռնտու է միայն իշխանություններին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այնպես չլինի, որ մենք ուզում ենք ԸՕ փոխել: Մենք նման խնդիր չունենք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀԿ-ն կարող է ռեյտինգային ընտրակարգ օգտագործել իր օգտին, Փաշինյանն արձագանքեց. «Այն հին համակարգը չի լինելու, այն մարդիկ, որոնք իրենց ձայն էին բերում, իրենք չեն առաջադրվելու, որովհետեւ այդ մարդիկ հազիվ ազատագրվել են:
Վարչապետ ընտրվելուց հետո ես մի քանիսին կանչել եմ հարցրել եմ՝ ձեր ինչի՞ն է պետք, որ թեկնածու առաջադրվեք, այդքան փող ծախսեք, էդքան բացահայտումներ լինեն, ձեր վրա այդքան նեգատիվ լինի: Մի քանի հոգի անկեղծորեն հայտարարել են, որ մեր ինչի՞ն է պետք, մեզ կանչել ասել են՝ այսքան ձայն պետք է ապահովեք, գնացեք առաջադրվեք, էսքան էլ փող կծախսեք, ոնց ուզում եք այդ ձայներն ապահովեք: Հիմա այդ մարդկանց ոչ ոք չի ասելու՝ գնացք, առաջադրվեք, ո՞ւմ հաշվին են ձայն ապահովելու»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:




























