«Դեղին ձմերուկ առաջին անգամ Հոնկոնգում եմ փորձել։ Դուր եկավ։ Որոշեցի, որ անպայման կփորձեմ այդպիսի ձմերուկ աճեցնել Երեւանում»,- պատմում է Դավիթ Մկրտչյանը։ Փորձնական ծրագիրն իրականացվում է Արարատի մարզում։ Չնայած արդեն աշնան կեսն է, դաշտում հասնում են սիրունիկ, մուգ կանաչ ձմերուկները։ Դեղին արքայական ձմերուկը (անանասի հետ հիբրիդ է) Թայլանդից է, իսկ ծագումով՝ Ճապոնիայից։
«Դեղին ձմերուկի մեջ ֆրուկտոզան 13,8 տոկոս է, կարմիրի մեջ ՝14, եւ սա այն դեպքում, որ մեզ համար սովորական ձմերուկում ֆրուկտոզան 3-3,5 տոկոս է կազմում»,- պատմում է Դավիթ Մկրտչյանը։ Մինչեւ բոլորովին վերջերս էկզոտիկ հատապտղի վաճառքը մոտ 10 հազար հատ էր։ Ընդ որում՝ դրանք վաճառվում էին աճուրդում եւ բավականին թանկ էին։ Սակայն 2016թ․ աճեցվեց 70 հազար ձմերուկ, եւ գինն էլ, համապատասխանաբար, իջավ մինչեւ 47 դոլարի՝ 1 կիլոգրամի համար։
Փորձնական ծրագրի շրջանակներում 1 հա-ից մոտ 120 տոննա ձմերուկ է ստացվում՝ ի տարբերություն սովորականի, որի նույն ցուցանիշը 50 տոննա է։ «Մի թփից՝ մինչեւ 20 ձմերուկ։ Հայաստանում եթե մի թփից երկու ձմերուկ է հաջողվում ստանալ, դա արդեն ձեռքբերում է»,- մեկնաբանեց գործարարը։ «Երբ հայտնվեցին մեր դեղին ձմերուկների առաջին լուսանկարները, բազմաթիվ մեկնաբանություններ, ենթադրություններ եղան։ Ողջ բարբաջանքն այն մասին, թե դա քիմիայի եւ պարարտանյութերի արդյունք է, զառանցանք է։ Ձմերուկներն աճեցվել են դեռեւս 30 տարի առաջ՝ Ճապոնիայում, եւ Արեւելքում դրանք հանրահայտ են։ Մեր ձմերուկներն աճեցվել են հողում, եւ ոչ մի գրամ քիմիական պարարտանյութ չի օգտասգործվել։ Միայն գոմաղբ, տորֆ եւ խոտ»,- ասաց Մկրտչյանը։
Դաշտում պարբերաբար հանդիպում են կոտրված եւ կրծած ձմերուկներ։ «Փորսուղներն են չարաճճիություն արել»,- մեկնաբանում է գործարարը։ Ամեն ինչից դատելով՝ փորսուղները նախընտրում են քաղցր կարմիր ձմերուկը։
Շրջանցելով կոմերցիոն գաղտնիք հանդիսացող մանրամասները՝ Դավիթ Մկրտչյանը հայտնեց, որ այս տարի ձմերուկների մեծ մասը Ռուսաստան է ուղարկվել։ «Մենք գոհ ենք փորձնական ծրագրի արդյունքներով։ Հուսով ենք՝ մյուս տարի մթերքը զանգվածային դարձնել։ Ինչպես նաեւ՝ մտածում ենք Արեւելք եւ Եվրոպա արտահանելու մասին»,- իր ծրագրերը ներկայացրեց Մկրտչյանը։



























