2004-2007 թվականներին ԱՄՀ-ն ղեկավարող Ռոդրիգո Ռատոն, ով մինչ այդ զբաղեցրել էր Իսպանիայի էկոնոմիկայի նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը, բանտարկվել է Սոտո-էլ-Ռեալ բանտում, հայտնում է DW-ն, հղում կատարելով Իսպանիայի ներքին գործերի նախարարության քրեակատարողական հիմնարկների գլխավոր քարտուղարությանը: Բարձրաստիճան պաշտոնյայի դատավճիռը հրապարակվել էր դեռեւս 2017-ի փետրվարին, որից հետո բողոքարկվել էր Գերագույն դատարանում: Սակայն այս ատյանը հաստատել էր միայն այդ պատիժը:
Ռատոյի ներկայիս դատավճիռը կապված չէ ոչ Իսպանիայի կառավարությունում, ոչ ԱՄՀ-ում նրա գործունեության հետ: Նա դատապարտվել է իսպանական խոշոր Bankia խնայբանկի, որը ղեկավարել է 2010-ից մինչ 2012 թվականը, հիմնադրամների ոչ նպատակային օգտագործման համար:
Համարվում է, որ օգտվելով ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված կորպորատիվ կրեդիտային քարտից, Ռատոն անձնական կարիքների համար մոտ 100 հազար եվրո է ծախսել: Նա հագուստ է գնել, ալկոհոլային խմիչքներ, օծանելիք, ռեստորաններում փակել է անձնական հաշիվները:
Համանման ժամկետով դատապարտվել են նաեւ բանկի 14 ղեկավարներ, որոնք նույնպես առանց հսկողության օգտվել են կրեդիտային քարտերից:
Bankia նախագահի կողմից թույլ տրված չարաշահումները բացահայտվել են այդ հաստատության աուդիտորական ստուգման արդյունքում, որը անցյալ տասնամյակի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով մոտ 3 մլրդ եվրո էր կորցրել:
2012-ին հայտնվելով սնանկացման եզրին՝ բանկն ազգայնացվել էր եւ ԵՄ-ի վարկերի միջոցով ֆինանսական առողջացման ծրագրի ենթարկվել:
Համարվում է, որ Ռատոն ոչ միայն չի կարողացել կանխել ճգնաժամը, այլեւ խորացրել է այն՝ մի շարք սխալ որոշումներ կայացնելով: Վերջիններիս թվում Bankia-ի միավորումն էր ճգնաժամային ֆինանսական հաստատությունների հետ: Նման սխալների համար Ռատոն քրեական պատասխանատվության չի ենթարկվել:




























