Բրազիլիայի ամենատիտղոսակիր եւ հայտնի ֆուտբոլիստներից մեկը՝ Ռոնալդոն, ավարտում է կարիերան։ «Ես այլեւս չեմ կարող. ուզում եմ, բայց չեմ կարող»,- պատմել է Ռոնալդոն բրազիլական թերթերից մեկին տված հարցազրույցում։

Իր տաղանդի եւ կամային հատկանիշների համար բրազիլացի երկրպագուների կողմից «ֆենոմեն» մականունն ստացած 34-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ հոգնած է, ֆիզիկապես լավ վիճակում չէ եւ մի շարք վնասվածքներ ունի, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռոնալդոյի հեռանալու պատճառ է հանդիսացել նաեւ նրա «Կորինտիանս» ակումբի՝ ժամանակից շուտ «Լիբերտադորեսի» գավաթի պայքարից դուրս մնալու հանգամանքը։

Սպասվում է, որ Ռոնալդոն ակումբի հետ պայմանագրի վաղաժամ ընդհատման մասին կհայտարարի փետրվարի 14-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։