Գյուղական համայնքի ցանկացած ղեկավար կարող էր իր հանրահավաքին այնքան մարդ հավաքել, որքան եկել էր ընդդիմության հուլիսի 2-ի հանրահավաքին։ Այս մասին հուլիսի 6-ին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։
«Ուժեղ պետականության ու պետության ստեղծման համար անհրաժեշտ է ուժեղ ընդդիմություն»,- հայտարարել է նա՝ նշելով, որ Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքին ներկա էր ընդամենը 5 հազար մարդ, ինչը վկայում է այն մասին, որ «ընդդիմությունը կորցրել է ժողովրդի վստահությունը»։ Մելիքյանը նշեց նաև, որ ընդդիմության բոլոր գործողություններն ուղղված են ժողովրդի դեմ։ Սակայն, միաժամանակ, չկարողացավ ոչ մի կոնկրետ օրինակ բերել՝ ընդգծելով միայն, որ իշխանության բռնազավթումը հակասում է ժողովրդի շահերին։
Մելիքյանն անդրադարձավ նաև հունիսի 19-ին Հայաստանի խորհրդարանի հայտարարած համաներմանը՝ նշելով, որ այդ քայլին երկրի իշխանությունները գնացել են կամավոր, այլ ոչ թե եվրոպական կառույցների կամ ընդդիմության ճնշմամբ։



























