ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին հանդիպել է Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ՝ մեկնարկող գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:

Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում Գեղամ Գեւորգյանն ընդգծել է գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման կարեւորությունն ու հրատապությունը:

Ապահովագրական պիլոտային ծրագրում առավել նպատակահարմար է համարվել ներառել բնակլիմայական ռիսկերից Հայաստանին առավել բնութագրական կարկտահարությունն ու ցրտահարությունը:

Փորձնական ծրագրի ընթացքում KFW բանկի կողմից կտրամադրվի 5 մլն եվրո եւ նույնքան էլ կլինի համաֆինանսավորում պետական բյուջեից, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը:

Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել ծրագրի շրջանակում վնասի գնահատման չափորոշիչների եւ մեթոդաբանության մշակմանը, «Նարմա» բյուրոյի ստեղծմանը, որի հիմնական նպատակը կլինի այդ ապահովագրական պրոդուկտների եւ բնածին աղետների վնասների գնահատման համակարգումը:

Կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է պիլոտային ծրագրի նախապատրաստական աշխատանքները հնարավորինս օպերատիվ իրականացնել, որպեսզի 2019 թվականի սկզբում արդեն հնարավոր լինի գործարկել ծրագիրը: