Այն, ինչ տեղի է ունենում կառավարող կոալիցիայի կազմում, մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների տարաձայնությունները պետք է դիտարկել 2012թ. խորհրդարանական ընտրությունների` արդեն սկսված նախընտրական արշավի տրամաբանության մեջ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Ընդ որում, նա նշել է, թե քաղաքական ուժերը ֆալստարտ են տվել: Խոսելով ընթացիկ գործընթացների հնարավոր հանգուցալուծումների մասին` փորձագետը նշել է, որ կոնկրետ եզրահանգումներ անելը դեռ վաղ է: «Սակայն կարելի է եզրակացնել, որ «Օրինաց երկրի» եւ Հանրապետականի միասնական ցուցակով հանդես գալու հնարավորությունը բավական մեծ է: Լիովին հնարավոր է, որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցի»,- ասել է Մինասյանը:



























