Տավուշի մարզում կստեղծվի սածիլների աճեցման տարածաշրջանում առաջին կենտրոնը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարյասինը։

«Տավուշի մարզը շատ հարմար է ինտենսիվ այգիների զարգացման համար, եւ մենք որոշեցինք փորձել ստեղծել Հայաստանում եւ տարածաշրջանում որակյալ սածիլների արտադրության առաջին կենտրոնը, որը ժամանակի ընթացքում կհավաստագրվի»,- տեղեկացրեց նա։

Նշվեց, որ ինտենսիվ այգիների համար որակյալ սածիլներ գտնելը շատ բարդ է։ Սակայն նոր կենտրոնը կօգնի լուծել այս խնդիրը, ընդ որում՝ սածիլները կտրամադրվեն ոչ միայն մոտակա գյուղերի կարիքները բավարարելու համար, այլեւ տեսականորեն կարտահանվեն։

Սածիլների աճեցման կենտրոնը կստեղծվի «Գյուղական շրջանների զարգացման համալիր աջակցություն․ կայուն համայնքների ստեղծում» ծրագրի շրջանակներում։

Հնգամյա ծրագիրը մեկնարկել է 2015թ․։ Այն ֆինանսավորվում է Ռուսական Դաշնության կառավարության կողմից եւ իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագրի բյուջեն կազմում է 5 մլն դոլար։ Ծրագիրն ուղղված է եկամուտների ձեւավորման հնարավորությունների ընդլայնմանը եւ Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում գյուղական ենթակառուցվածքների աջակցմանը։