Համաշխարհային բանկը ներկայում մշակում է Հայաստանի կառավարության հետ համագործակցության ծրագիր, ըստ որի արտահանմանն ուղղված տնտեսական աճի մոդել կստեղծվի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսուտրոն։

Նրա խոսքերով՝ այս ծրագիրը 4 տարի կտեւի։ «Մեծ հույսեր ունենք, որ այս ծրագրի շրջանակներում կիրականացվեն տնտեսական աճի մոդելի կարեւոր փոփոխություններ՝ ուղղված արտահանմանը»,- ասաց նա։

Բոսուտրոյի խոսքերով՝ ծրագիրը կընդգրկի երեք կարեւոր ուղղություններ, որոնցից առաջինը վերաբերում է մրցունակության բարձրացմանը եւ արտահանման ակտիվացմանը։ Որպես առաջնային ոլորտներ, առանձնացվել են տնտեսական աճի առավել բարձր պոտենցիալ ունեցող ՏՏ ոլորտը, ագրոհատվածը եւ զբոսաշրջությունը։ Այս փուլում Համաշխարհային բանկը Հայաստանում իրականացնում է 15 ընթացիկ ծրագրեր, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանում զարգացման մեծ հեռանկարներ ունեցող ագրոզբոսաշրջությանը»,- նկատեց Բոսուտրոն։

Նշենք, որ Հայաստանը 1992 թվականից Համաշխարհային բանկի անդամ է։ ՀԲ-ի կողմից Հայաստանին տրամադրված վարկերն ու գրանտները 2,3 մլրդ դոլար են կազմում։