Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ պատգամավոր Շիրակի Թորոսյանի այն տեսակետի հետ, թե 16–ամյա թուրք պատանուն Թուրքիայի իշխանություններին վերադարձնելը բարեկամական ժեստ է։

«Մեր արած քայլը համապատասխանում է մեր պետական եւ ազգային էությանը, մենք երբեք մոլորված պատանուն չենք ներկայացնի որպես միջազգային ահաբեկիչ եւ անմարդկային վերաբերմունքի ու կտտանքի ենթարկենք։ Սա տրամաբանական, սովորական, մարդկային քայլ է որը հատուկ է մեր ժողովրդին»,– այսօր՝ նոյեմբերի 1–ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի բնակիչ Ումութ Ալի Օզմենը հայ թուրքական սահմանը հատել էր հուլիսի 24-ին։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական սահմանն ապօրինի հատելը։

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, Ումութ Ալի Օզմենի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վերացվել: Պատանին վերադարձել է Թուրքիա։