Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն այսօր կայացած ասուլիսի ըթնացքում հայտարարել է, թե Հայստանում քաղբանտարկյալների թիվն ավելացել է եւս մեկով՝ երեկ ձերբակալված Տիգրան Առաքելյանով:
«Սա եվս մեկ ապացույց է, որ իշխանությունը որեւէ կերպ չի ցանկանում դադարեցնել պատերազմը սեփական ժողովրդի դեմ, հասարակության դեմ, դեմոկրատիայի դեմ: Իշխանությունների, ոստիկանության ցինիզմը ապշեցուցիչ է, քանի որ իրականում կատարվել է հանցագործություն հենց ոստիկանության կողմից: Առանց որեւէ բացատրության, առանց ներկայանալու, մոտ 10 անձինք, քաղաքացիական հագուստներով, զինված, հարձակվել են իրազեկման թռուցիկ բաժանող երիտասարդների վրա, տեղացել հարվածներ, փորձել են առեւանգել բարձրախոսը: Տիգրան Առաքելյանն այդ հարձակումից տուժողներից մեկն է: Հարձակման ընթացքում նրա գլխին հարվածել են զենքի կոթով: Ֆոտոնկարների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հարձակումից առաջ, Կենտրոն բաժանմունքի ոստիկանները, պետի տեղակալի գլխավորությամբ, հետեւել են իրազեկողներին, բավականին երկար ժամանակ: Ավելի ուշ, հասկանալով, որ մեր ձեռքում կան անհերքելի փաստեր Կենտրոն բաժանմունքի աշխատակիցների՝ հարձակմանը մասնակցելու մասին, ոստիկանությունը պաշտոնապես ընդունել է մասնակցությունը միջադեպին, բնականաբար գլխիվայր շրջելով իրողությունը», նշել է Զուրաբյանը եւ հավելել, որ անհերքելի փաստեր ունեն, թե այդ օպերացիան մշակել է Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի պետ Աշոտ Կարապետյանը:
ՀԱԿ-ը միջադեպի մասին տեղեկացրել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, թեեւ գիտեն, որ ՄԻՊ գրասենյակը բացի հայտարարություն տարածելուց այլ բան չի կարող անել: Ի դեպ, Լեւոն Զուրաբյանը նաեւ նկատեց, որ իրենք չեն վստահում քննիչներին: ՀԱԿ համակարգողը նաեւ նշեց, որ ունեն փաստեր,որոնք անհարմար դրության մեջ են դնելու Տիգրան Առաքելյանի դեմ հարուցված շինծու գործի նախաձեռնողներին:



















