Սեպտեմբերի 18-ին իր կողմնակիցների հանրահավաքին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ներառում էր քաղաքական հիմնական երկու ինտրիգներ։
Ընդդիմության կողմնակիցները, մասնավորապես, բավական զարմացած էին հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հայկական կողմի համար ոչ բարենպաստ ընթացքի կապակցությամբ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հնարավար հրաժարականի դեպքում արտահերթ նախագահական ընտրություններին չմասնակցելու պատրաստակամության մասին իրենց առաջնորդի հայտարարությամբ։ Սակայն հանրահավաքի հազարավոր մասնակիցները դեռ չէին հասցրել տարակուսանքի գիրկն ընկնել, երբ նշվեց այն դեպքը, որը բացառություն կլինի. Տեր-Պետրոսյանը այդպես կվարվի միայն այն դեպքում, երբ ընտրություններին չի մասնակցի նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Եթե հաշվի առնենք, որ իր պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալու ենթադրական հնարավորության դեպքում նրա նախորդ Ռոբերտ Քոչարյանը կհանդիսանա իշխող կոալիցիայի գործնականում հնարավոր միակ թեկնածուն (համենայնդեպս ներկա դրությամբ այլ լուրջ թեկնածուներ հորիզոնում չեն երեւում , իսկ Քոչարյանի թեկնածության անընդունելիությունը հասարակության մեծամասնության համար առանձին խոսակցության թեմա է), ապա հնարավոր ընտրություններին Տեր-Պետրոսյանի չմասնակցելու հեռանկարը ծայրաստիճան քիչ հավանական է թվում։
Իսկ ՀԱԿ-ի ղեկավարի ելույթից բխող երկրորդ ինտրիգը հանգում է հերթական թայմ-աութին, որը Տեր-Պետրոսյանը Հայաստանի իշխանություններին է տրամադրել՝ հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված խնդիրների ինքնուրույն լուծման համար։ Մանրամասն ներկայացնելով այն սպառնալիքները, որոնք կրում է, ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլը, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ թույլ չի տա ընդդիմությանը մասնակից դարձնել իշխանությունների կեղտոտ խաղին։ Հենց այդ պատճառով էլ, ինչպես հայտարարվեց, Հայ ազգայի կոնգրեսը ոչ միայն մտադիր չէ արտոնված հանրահավաքներ անցկացնել սեպտեմբերի երրորդ տասնօրյակի սկզբին, այլեւ ընդհանրապես չնշեց զանգվածային հաջորդ ակցիայի օրը։ Լիովին ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է այն մարտավարությունը, որը հռչակվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, այն է՝ ՀԱԿ-ը մտադիր չէ դեռնալ միջազգային հանրության գործիքը՝ ղարաբաղյան հարցում Հայաստանի իշխանության վրա ճնշում բանեցնելու համար։ Դեռ ավելին, արտախորհրդարանական ընդդիմությունը, որը բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպելու ունակ քաղաքական միակ ուժն է, մտադիր չէ օգնել հանրապետության իշխանություններին՝ միջազգային հանրությանը երկրի որդեգրած արտաքին քաղաքական կուրսից մեծ դժգոհության ցուցադրման գործում՝ որպես դրանից հրաժարվելու հիմնավորում։ Այնպես որ ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ղարաբաղյան կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների շուրջ լրջագույն նոր իրադարձություններից հետո։




























