Ռուսաստանի Դաշնության նախագահ ԴմիտրիՄեդվեդեւի համակիրները սկսել են արշավ, որով փորձում են վարչապետ Վլադիմիր Պուտինին չթողնել մասնակցելու 2012 թվականի նախագահական ընտրություններին: Իբրեւ պատճառ նրանք բերում են այն, որ եթե Պուտինը նորից ընտրվի նախագահ եւ երկիրը եւս երկու ժամկետով կառավարի, ապա նրան հաջորդող նախագահը կընտրվի միայն 2024 թվականին, երբ Պուտինն արդեն կլինի 72 տարեկան:

«Ведомости» պարբերականի հաղորդմամբ այս տարբերակին հատկապես դեմ է արտահայտվել Ռուսաստանի արդյունաբերողների ու գործարարների միության փոխնախագահ Իգոր Յուրգենսը, ով առաջարկում է 2012 թվականի նախագահական ընտրություններին ստեղծել թափանցիկ եւ բաց մրցակցություն Պուտինի եւ Մեդվեդեւի միջեւ:

Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ Յուրգենսը ասել է, որ Պուտինը հավակնում է դառնալ Լեոնիդ Բրեժնեւի նման հանգչող քաղաքական գործիչ: «Դա կպատահի, եթե վարչապետը նորից նախագահ դառնա 2012 թվականին»-, ասել է նա:

Յուրգեսը կարծում է, որ ներկայումս Ռուսաստանի պահպանողականների (նա այդպես է անվանում Պուտինի կոմնակիցներին) եւ լիբերալների (Մեդվեդեւի կողմնակիցներ) միջեւ շահերի բախում է տեղի ունենում ուժերի 70-ը 30 տոկոսի հարաբերակցությամբ:

Մեդվեդեւի «Инсор» վերլուծական կենտրոնն անցած տարվա ամռանը զեկույց էր ներկայացրել «Դեմոկրատիան եւ նրա ռուսական տարբերակի զարգացումները» խորագրով: Զեկույցում առաջարկվում է ազատականացնել քաղաքական կյանքը: Աշնանը Մեդվեդեւը խորհրդարանին ուղված խոսքում եւս առաջարկեց օրենսդրորեն թեթեւացնել կուսակցությունների կյանքը եւ ավելացնել նրանց լիազորությունները:

«Եդինայա Ռոսիյայի» անդամներից մեկը կարծում է, որ Պուտինը եւ Մեդվեդեւը այժմ գոտեմարտի մեջ են, թեեւ նրանց թիմերը դեռ վաղուց էին սկսել թաքուն մրցակցել հեռարձակման, օրենքների ընդունման եւ գլխավոր պաշտոններում մարդկանց նշանակելու գործում:Պարբերականը գրում է, որ հիմա, երբ Յուրգենսը ամեն ինչ իրենց անուններով է ասել, հնարավոր է այդ մրցակցությունը դառնա ավելի հրապարակային:

Իր հերթին էլ Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Ալեքսանդր Ռարը կարծում է, որ Մեդվեդեւը աջակցություն է փնտրում նաեւ Արեւմուտքում: «Արեւմուտքի առաջնորդները Մեդվեդեւին համարում են ավելի ժամանակակից առաջնորդ եւ հույս ունեն, որ մի օր նա կդառնան ինքնուրույն նախագահ»-ասել է Ռառը, «Բայց նրանք չեն նպաստի Պուտինի դիրքերի թուլացմանը»,- շարունակել է փորձագետը: