Իրանական զինված ուժերը շարունակում են ծանր հարվածներ հասցնել PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) իրանյան թեւ հանդիսացող PJAK-ին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk կայքէջը։

Իրանի Կանարյան եւ Մերիվան շրջանների մոտակայքում իրանական զինված ուժերը ստուգելու նպատակով կանգնեցրել են մի բենզատար։ Սակայն ավտոմեքենան չի ենթարկվել հրահանգին, որից հետո իրանական զինված ուժերը բախման մեջ են մտել մեքենան վարող քուրդ զինյալների հետ։ Արդյունքում հինգ քուրդ սպանվել է։

Իրանական զինված ուժերը ռազմական ուղղաթիռների աջակցությամբ Շեհիրանի շրջանում քուրդ զինյալների ճամբարների դեմ լայնածավալ գործողություններ են իրականացրել։ Ուղղաթիռներից գնդակոծված քուրդ զինյալների ճամբարները ավերվել են, վերջիններիս շրջանում կան բազմաթիվ զոհեր։

Բացի այդ, իրանական զինված ուժերը Սալմաստ քաղաքի շրջակա գյուղերում իրականացրած գործողությունների ընթացքում ձերբակալել են մի քանի գյուղերի իմամներին՝ PKK/PJAK –ին կադրային եւ ֆինանսական օժանդակություն ցույց տալու համար։

NEWS.am-ը հիշեցնում է, որ սպտեմբերի 8-ից սկսած թուրքական զինված ուժերը նույնպես PKK-ի դեմ իրականացնում են ռազմական գործողություններ Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում։