Գյումրիում ռուս կնոջը բռնաբարելու փորձի համար մեղադրվող 28-ամյա Հրաչյա Շահնազարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ ինքը որեւէ առնչություն չունի դեպքի հետ, նույնիսկ դեպքի վայրի տեղը չգիտի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Շահնազարյանի փաստաբանը՝ էդգար Թումասյանը:
«Մենք պնդում ենք, որ տուժողը սուտ մատնություն է տվել, ինչի դրդապատճառի վերաբերյալ քննչական մարմնին վարկած ենք առաջ քաշել, որը այս պահին չենք կարող հրապարակել, քանի որ քննիչը կատարում է քննչական գործողություններ»,- ասաց փաստաբանը:
28-ամյա երիտասարդի փաստաբանը պատմեց, որ տուժողը մեկ անգամ օգտվել է իր պաշտպանյալի տաքսի ծառայությունից, իրենց շփումն այդքան է եղել:
«Դրանից հետո 1-2 անգամ փորձել է WhatsApp-ի միջոցով շփվել, սակայն տուժողը չի շփվել, մի անգամ գրել է ,որ ինքն ամուսնացած է, եւ դրանից հետո իրենք որեւէ առնչություն չեն ունեցել»,-ասաց փաստաբանը:
Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվի գրավով:
Հիշեցնենք, որ մեղադրյալի հարազատները բողոքի ակցիա են արել Գյումրու դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել երիտասարդին:
Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ հոկտեմբերի 29-ին ժամը 14:20-ին Շիրակի մարզի՝ 1990 թվականին ծնված բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 8:30-ին, բնակարան է մտել մի երիտասարդ, ձեռքերով փակել իր բերանը, գլուխը հարվածել պատին, որից հետո իրեն տարել է ննջարան և փորձել է բռնաբարել:




























