ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիային մեղադրել է Եմենում ամերիկյան զենքը հմտորեն չօգտագործելու մեջ: Նա այս մասին հայտարարել է Axios պարբերականի հետ հարցազրույցում:
Թրամփը սարսափելի է անվանել Եմենում երեխաների տեղափոխող ավտոբուսի վրա արաբական կոալիցիայի օգոստոսյան ավիահարվածը:
«Սարսափելի է այն, ինչ տեղի էր ունեցել Եմենում երեխաներով ավտոբուսի հետ… Սա արդյոք ինձ անհանգստացնո՞ւմ է: Դա բավարար ուժեղ արտահայտություն չէ (թե ինչ եմ ես զգում): Նրանք մարդիկ են, որոնք ուղղակի չգիտեն՝ զենքի հետ վարվելու ձեւը»,- ասել է Թրամփը:
«Մենք անչափ ուշադիր ենք հետեւում Եմենի իրադրությանը: Այն հիմա Երկրի վրա ամենասարսափելի վայրն է…Ես կխոսեմ Սաուդյան Արաբիայի հետ: Ես չէի ցանկանա, որ զենքն օգտագործեին մարդիկ, որոնք այդ զենքից օգտվել չեն կարողանում»,- պատասխանել է նա հարցին՝ հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ն դադարեցնի Սաուդյան Արաբիային զենք վաճառել:
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան օգոստոսի 9-ին Եմենի հյուսիսում Սաադա նահանգի Դահյան շրջանում ավիահարված էր հասցրել ավտոբուսին: Խաղաղ բնակիչների շրջանում տասնյակ զոհերի մասին հայտնել էին ապստամբ հուսիների իշխանության մարմինները եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: ԿԽՄԿ տվյալներով՝ հարվածի հետեւանքով զոհվել էր 50 մարդ, որոնց մեծամասնությունը երեխաներ էին:




























