Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ  «ապստամբության իրավունքը»  չափազանց վիճելի իրավական փաստարկ է:

Նոյեմբերի 5-ին՝ ասուլիսի ժամանակ, պատասխանելով համաներման եւ այն «Սասնա ծռերի» վրա տարածելու  մասին հարցին, Մելիքյանը հիշեցրեց, որ համաներումը քաղաքական գործողություն է, իսկ ներկայիս համաներումը՝ ավելի շատ:

«Զերծ կմնամ քաղաքական գնահատականներից, բայց իրավական տեսանկյունից պետք է հիշել, որ կա մեդալի երկու կողմը՝ նրանք, ում վրա տարածվում է համաներումը եւ տուժողները»:

Մելիքյանը հիշեցրեց, որ «Սասնա ծռերի» գործողությունները որպես ահաբեկչություն որակավորված չէին, սակայն շատ երկրներում որպես ահաբեկչություն կորակավորվեին:

«Ապստամբության իրավունք» հասկացության բողոքարկումը Մելիքյանը նույնպես սխալ մոտեցում է համարում:

«Սա ուղերձ է, որ մյուսները կարող են կրկնել, իրականացնել «ապստամբության իրավունքը» եւ այլ պետական կառույց գրոհել: «Ապստամբության իրավունքի» հայեցակարգը հակասում է իրավաբանական իրավունքին:

Սա Ֆրանսիական հեղափոխության ժամանակներից սկսած գայթակղիչ գաղափար է, բայց հետագայում նման մոտեցումից հեռացան: Շատ երկրներ տուժեցին այս մոտեցումից: ԱՄՆ-ում զենքի ազատ վաճառքը սահմանադրական իրավունք է: Սահմանադրական իրավունք է, քանի որ ամրագրված է ապստամբության եւ բռնապետության դեմ դիմակայելու իրավունքը: Գաղափարախոսությունն ինքնին հարվածում է պետությանը»,-ընդգծեց Մելիքյանը:

Ինչ վերաբերում է ցմահ դատապարտվածների խնդրին, Ռուբեն Մելիքյանը նշեց, որ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպես է պետությունը պատկերացնում նման մարդկանց ուղղումը:

«Մարդիկ 25 տարի անցկացնում են խիստ ռեժիմի պայմաններում, հետո համաներման իրավունք են ստանում: Դա շատ դժվար է», - նշեց Մելիքյանը: Նա առաջարկեց աստիճանաբար նվազեցնել բանտարկության պայմանների խստությունը:

«Պետք է հիշել, որ նրանք դատապարտված են առանձնապես ծանր հանցագործությունների համար: Եվ ես կողմ են անհատական մոըտեցմանը», - նշեց Մելիքյանը: