Թուրքիայի իշխանությունների կողմից հայտարարած քրդական հարցի կարգավորման շրջանակներում թուրքական այբուբենում քրդական այբուբենի տառերի ավելացումը առաջացրել է թուրքական երկու ընդդիմադիր կուսակցությունների բուռն արձագանքը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberx կայքէջը։

Թուրքական իշխանությունների կողմից հայտարարած քրդական հարցի կարգավորման շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, որոնց կապակցությամբ թուրքական ընդդիմադիր երկու կուսակցություններ հանդես են գալիս խիստ քննադատությամբ։ Վերջերս հայտնի էր դարձել, որ քրդական հարցի նախաձեռնության շրջանակներում հնարավոր է քրդական այբուբենում գործածվող լատինական Q, W, X տառերը ավելացնել ժամանակակից թուրքերենի այբուբենին։ Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության խմբակցության ղեկավար Սուհա Օքայը հայտարարել է, որ նման փոփոխությունը հակասում է Թուրքիայի սահմանադրությանը։ Իսկ թուրքական մյուս ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցության ղեկավար Օքթայ Վուրալը նշում է, որ դա չի համապատասխանում սահմանադրությանը եւ դավաճանություն է թուրքերեն այբուբենին։

NEWS.am-ը հիշեցնում է, որ թուրքական այսօրվա այբուբենը՝ Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալի առաջարկով ստեղծել է հայազգի լեզվաբան Հակոբ Մարթայանը, ում հանդեպ Քեմալը մեծ հարգանք է տածել։