Խորհրդարանում միակ արմատական ընդդիմությունը կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Ըստ փորձագետի՝ սա նույնիսկ կարող է իշխանության կուսակցությանը ձեռնտու լինել, քանի որ բարձր լեգիտիմության պայմաններում ծագում է ընտրողների սպասումներն արդարացնելու հարցը: 

«Արմատական ընդդիմության առկայությունը կարող է օգնել խորհրդարանում ուժերի հաշվեկշիռը պահելուն»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Անդրադառնալով Ազգային ժողովում մյուս քաղաքական ուժերի մտադրություններին եւ դիրքորոշումներին՝ փորձագետը նշեց, որ հարց է հարուցում այն, թե ինչպիսի դիրքորոշում կգրավի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

«Դժվար է ասել՝ այն արմատակա՞ն կլինի, թե՞ ոչ»,- նշեց փորձագետը:

Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ ներկայիս ընտրարշավը նոր քաղաքական ուժերի համար լավ հնարավորություն է իրենց դրսեւորելու եւ ընտրողներին իրենց դիմագիծը ցույց տալու համար, այդ թվում՝ անվճար եթերով:

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2018 թվականի դեկտեմբերի 9-ին, իսկ նախընտրական արշավը մեկնարկում է նոյեմբերի 26-ից: Կուսակցություններն ու դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ նոյեմբերի 14-ը, 18:00: ԿԸՀ-ն նրանց կգրանցի մինչեւ նոյեմբերի 19-ը, 18:00: Նախընտրական արշավը կանցկացվի նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը: Օրենսդրության համաձայն՝ այն անցկացնելու համար 12 օր է հատկացվել: