2019թ-ի բյուջեով ոստիկանության ողջ համակարգը, բոլոր ստորաբաժանումներով պարգեւատրվելու են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ հանձնաժողովում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը դիմելով Վալերի Օսիպյանին, հարց ուղղեց, թե 2019 թ-ի բյուջեով ինչո՞ւ է նախատեսված ոստիկանության միայն երկու ծառայությունների աշխատակիցների պարգեւատրում.

«Ըստ նախագծի՝ միայն երկու ծառայություններով է նախատեսված 30% պարգեւատրման ֆոնդի առկայություն, առաջինը՝ Պետական պահպանության ծառայությունն է, եւ երկրորդը՝ ճանապարհային երթեւեկության անվտանգություն ապահովող ծառայությունը, բայց գիտենք, որ այլ ծառայություններում եւս խնդիր կա, հատկապես կցանկանայի առաձնացնել, որ քրեական հետախուզության աշխատակիցների համար չկա նախատեսված 30% պարգեւատման ֆոնդ, արդյոք ճիշտ չէ՞ր լինի համակարգի ամբողջ ծառայությունների համար հատկացնել, քան առանձնացնել երկու ծառայությունները, գուցե տոկոսը մի փոքր նվազեցնելով»,-ասաց Նահապետյանը:

Ի պատասխան ՀՀ ոստիկանապետն ասաց, որ նախագծով այդպես են բաշխել, բայց նկատի են ունեցել իրենց  հաշվարկներն այնպես իրականացնել, որ ոչ միայն երկու ստորաբաժանումները պարգեւատրվեն, այլ ոստիկանության ողջ համակարգը, բոլոր ստորաբաժանումները պարգեւատրվեն:

«Այդ գումարը մենք մոտավոր գիտենք ամսվա տեսքով եւ մեզ հատկացված բյուջեի պարգեւատրումների մասով արդեն իսկ համաձայնություն կա,  քննարկումներ են իրականացվել ոստիականությունում եւ վստահեցնում եմ, որ բոլոր ծառայողները կպարգեւատրվեն, ոչ թե միայն երկու ստորաբաժանումների ծառայողները»,-ընդգծեց Օսիպյանը:

Նշվեց, որ 2019-ին ոստիկանությունում պարգեւատրման ֆոնդի չափը 7,9 մլրդ դրամ է: