Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել անկախության տոնի կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Այսօր նշում ենք Հայաստանի անկախության տոնը: Այս նշանավոր օրը լավ առիթ է մեր անկախ պետականության հաստատման գործընթացը կրկին իմաստավորելու համար:
Հանրաքվեի միջոցով իր անկախությունը հայտարարելով` Հայաստանի ժողովուրդը հիմնադրեց մեր երրորդ հանրապետությունը և հաստատեց ազատ ու անկախ ժամանակակից պետականություն կերտելու իր միասնական կամքը: Երկար տարիների դադարից հետո Հայաստանի անկախ պետականության վերահաստատումը հայ ժողովրդի վերելքի ու միասնականության արդյունք էր:
Այս նշանավոր օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիս: Վստահ եմ, որ ապագայում ևս անկախության հպարտ ոգին կառարկայանա հայ ժողովրդի ստեղծագործական նոր վերելքներով, իսկ մեր միասնությունը ճանապարհ կհարթի հայ ժողովրդի նորանոր հաղթանակների համար: Մաղթում եմ բոլորիս նորանոր հաջողություններ, բարեկեցություն և երջանկություն` ի բարօրություն Հայաստանի անկախ պետականության»: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:



















