Առողջապահության նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել մի հայեցակարգ, որը կարող է էական նշանակություն ունենալ աճող սերնդի առողջության պահպանման հարցում։ Դա վիտամիններով եւ միկրոտարրերով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգն է։

Անգլիայում, ԱՄՆ-ում  եւ Կանադայում ցորենի ալյուրի հարստացումը վիտամիններով եւ  հանքային տարրերով կատարվում է արդեն ավելի քան 6 տասնամյակ։ Ներկայումս աշխարհի ավելի քան 5 տասնյակ երկրներ, այդ թվում` մեր հարեւաններ Վրաստանը, Ադրբեջանը, Իրանն ու Թուրքիան իրականացնում են ալյուրը վիտամիններով ու հանքային միկրոտարրերով հարստացնելու ազգային ծրագրեր։ Այդ ծրագրերի շնորհիվ տեղի է ունենում հիվանդությունների էական կրճատում։

Միկրոտարրերի եւ վիտամինների (ինչպիսիք են, օրինակ, երկաթը,  ֆոլիաթթուն, յոդը, վիտամին A-ն, եւ այլն) անբավարարությունը աշխարհում հանրային առողջապահական ամենալուրջ հիմնախնդիրներից է: Ամբողջ աշխարհում շուրջ երկու միլիարդ մարդ իրենց ընդունած օրական սննդից բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետեւանքով նախադպրոցական տարիքի երեխաների 47%-ը եւ հղի կանանց 42%-ը տառապում են սակավարյունության այս կամ այն աստիճանով: Ամեն օր աշխարհում 300 կին մահանում է ծննդաբերության ժամանակ անեմիայի եւ երկաթի անբավարարության պատճառով, շուրջ 500 նորածին ծնվում է նյարդային խողովակի զարգացման բնածին արատով, 4000 մեծահասակ մահանում է սրտի կաթվածից:

Խնդիրը  արդիական է նաեւ Հայաստանի համար: Ըստ 2005 թ. Հայաստանի ժողովրդագրական եւ առողջապահության հարցերի հետազոտության տվյալների՝ նախադպրոցական տարիքի երեխաների եւ վերարտադրողական տարիքի կանանց շրջանում առկա է սակավարյունության բարձր տարածվածություն, համապատասխանաբար` 37% եւ 25% (ըստ ԱՀԿ-ի` սակավարյունության 90%-ը պայմանավորված է երկաթի անբավարարությամբ): Ըստ «Մարչ օֆ դայմս» կազմակերպության 2000 թ. գլոբալ զեկույցի՝ Հայաստանում 1000 երեխայից 2-ը ծնվում է ցմահ հաշմանդամություն առաջացնող բնածին արատով (նյարդային խողովակի դեֆեկտ), ինչը 4 անգամ  բարձր է միջին պոպուլյացիոն ցուցանիշից:

Մեծահասկաների շրջանում համեմատաբար բարձր է նաեւ սրտի կաթվածի տարածվածությունը, որի պատճառագիտության մեջ ներկայումս բավականին կարեւորվում է ֆոլաթթվի դերը:

Միկրոտարրերի եւ վիտամինների անբավարությունը հնարավոր է  կանխարգելել ցորենի ալյուրի հարստացման միջոցով: Հայտնի է, որ ցորենի մեջ գտնվող երկաթը եւ վիտամինները աղալու ժամանակ կորչում են եւ որքան ցորենն ավելի մանր է աղացվում, այնքան ավելի մեծ է սննադարար տարրերի կորուստը: Այսպիսով, ալյուրի հարստացումը կարելի է համարել նաեւ վերականգնման գործընթաց, որի ժամանակ կորած սննդարար տարրերը նորից ավելացվում են մշակվող ալյուրին:

Հայաստանը ներկրում է միայն ցորեն, իսկ ալյուրը գրեթե ամբողջությամբ արտադրվում է երկրի ներսում։ Սա զգալիորեն հեշտացնում է ծրագրի ներդրման գործընթացը: Ալյուրի արտադրությունը հիմնականում իրականացվում է  6 խոշոր ալրաղացների կողմից՝ 1350 տոննա/օր հզորությամբ։

Հաշվի առնելով վերը ներկայացված հիմնախնդիրները (սակավարյունության բարձր տարածվածություն երեխաների եւ կանանց շրջանում, նյարդային խողովակի զարգացման արատների բարձր ցուցանիշ, 0-5 տարեկան երեխաների մոտ կարճահասակության համեմատաբար բարձր մակարդակ` ստանդարտ պոպուլյացիոն ցուցանիշի համեմատ), Հայաստանում ցորենի ալյուրը անհրաժեշտ է  հարստացնել երկաթի հավելումով եւ ֆոլաթթվով: Ազգային մակարդակով այս ծրագրի իրականացումը թույլ կտա կանխել  միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդացությունը, կրճատել մահացությունը մայրերի եւ մանուկների շրջանում։

Ալյուրի հարստացման գործընթացը իրականացնելու համար անհրաժեշտություն կառաջանա մշակել  ցորենի ալյուրի հարստացման ստանդարտներ, վերանայել եւ անհրաժեշտության դեպքում լրամշակել սննդի անվտանգության ապահովման բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերը:

Միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությամբ կատարված նախնական հաշվարկի համաձայն` Հայաստանի համար ցորենի ալյուրի հարստացման ծրագրի ներդրման եւ իրականացման համար պահանջվելու է մոտ 3,4 մլն դոլարին համարժեք դրամ: Ներդրումների մի մասը կիրականացնեն իրենք՝ մասնավոր ընկերությունները։