Հայաստանի անխակության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Վեստի» հեռուստաալիքին, որտեղ անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
Պարոն Նախագահ, ինչո՞ւ է Ձեզ համար այդքան կարեւոր հայ-թուրքական սահմանի բացումը:
Մեր նախաձեռնությունը` հրավիրել Թուրքիայի նախագահին Հայաստան եւ սկսել բանակցային գործընթաց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման վերաբերյալ, ոչ թե կոնկրետ ծրագիր է, այլ ավելի շուտ համեմատաբար տանելի մթնոլորտ ստեղծելու փորձ, որի դեպքում է 21-րդ դարում հնարավոր երկխոսությունը երկու հարեւան երկրների միջեւ: Նման փորձեր նախկինում էլ են եղել: Ե՛վ Հայաստանի առաջին նախագահը, ե՛ւ երկրորդ նախագահը նախաձեռնություն հանդես բերել են: Եվ եղել են թուրքական նախաձեռնություններ, բայց այդ գործընթացները փակուղի են մտել: Հիմա էլ չկա 100 տոկոսանոց վստահություն, որ գործընթացը չի ձախողվի: Բայց ինչպես ասում են՝ ճանապարհը հարթում է առաջ գնացողը, եւ ես հրաշալի հասկանում եմ, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Թուրքիայում կան ուժեր, որոնք ցանկանում են ձախողել գործընթացը: Ի դեպ, այդպիսի ուժեր կան նաեւ երրորդ երկրներում: Սակայն՝ ի տարբերություն նախկինում եղած գործընթացների, ես կարծում եմ, որ ներկա գործընթացն ամենահրապարակային եւ բաց գործընթացն է, որը երբեւէ եղել է թուրքերի հետ:
Ակամա օգնեց ֆուտբոլը:
Այո, այո, բայց այդ մասին մի փոքր ուշ: Մեր հասարակությունների միջեւ կա հակադրություն, կա թշնամություն, կա մեծ անվստահություն եւ այդ ամենը մտացածին չէ: Դա թշնամություն չէ քաղաքական վերնախավերի միջեւ, դա անձնավորված եւ իրավիճակային թշնամություն չէ: Այդ ամենը հետեւանք է Հայաստանի պատմության այն սարսափելի էջի, որը իրականացվել է Օսմանյան կայսրությունում. այսինքն՝ Հայերի Ցեղասպանության: Եվ եթե երբեւէ մեզ հաջողվի կարգավորել հարաբերությունները, դրա համար անհրաժեշտ է թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի ղեկավարների քաղաքական կամքը: Բայց անհրաժեշտ է նաեւ այդ գործընթացում ներգրավել հասարակություններին: Մեր հասարակությունները պետք է իմանան այդ կարգավորման մանրամասները:
Հոկտեմբերի 14-ին տեղի է ունենալու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան հանդիպումը: Ի՞նչ պայմաններ պետք է կատարվեն, որպեսզի Դուք ներկա լինեք այդ խաղին:
Մենք նախապես պայմանավորվել էինք, որ սկսում ենք բանակցային գործընթացը եւ առաջ շարժվում առանց նախապայմանների, ուստի ես որեւէ նախապայման չունեմ: Սակայն այդ երկու ֆուտբոլային խաղերը դարձան քաղաքական գործընթացի մի մասը: Այդ գործընթացը դեռ գտնվում է դինամիկայի մեջ եւ ամեն ինչ կախված է այդ դինամիկայից:
Թուրքիայի հետ սահմանի բացումն ի՞նչ տրամաբանական ու կազմավորված բան կարող է տալ Հայաստանին:
Ցանկացած երկրի համար հաղորդակցության այլընտրանքային ուղիները, այլընտրանքային ճանապարհներն անհրաժեշտություն են: Հայաստանի համար, որը ելք չունի դեպի ծով, եւ որը գտնվում է անկանխատեսելի տարածաշրջանում, իսկ մենք դրանում համոզվեցինք անցած տարվա օգոստոսին, դա իհարկե, շատ կարեւոր հանգամանք է: Բայց այստեղ խոսքը ավելի մեծ բանի մասին է. այն է՝ մեր տարածաշրջանը բնական միջազգային կոորդինատային համակարգ վերադարձնելը:
Թուրքերը՝ քննարկելով հայ-թուրքական հաշտեցումն ու սահմանների բացումը, հիշեցնում են ադրբեջանական գործոնը: Խոսում են այն մասին, որ կգնան սահմանների բացման, միայն այն պայմանով, որ Հայաստանն իր հերթին արագ կերպով նորմալացնի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանական գործոնի ազդեցությունը հայ-թուրքական բանակցությունների վրա:
Թուրքերն ու ադրբեջանցիները սիրում են հաճախ կրկնել, որ նրանք մեկ ժողովուրդ են, բայց ապրում են տարբեր երկրներում: Ես դրա հետ չեմ վիճում, բայց կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը շահավետ է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլ հեռանկարում նաեւ Ադրբեջանի համար: Եվ եթե թուրքերի հետ բանակցային գործընթացը ձախողվի ադրբեջանական գործոնի պատճառով, ապա կարծում եմ, որ այստեղ միջազգային հանրությունը պետք է ասի իր կարծիքը: Եվ երբ թուրքերը խոսում են այն մասին, որ որեւէ առաջընթաց կամ արագ լուծում են ցանկանում, դա նշանակում է, որ թուրքերն ասում են. «Դուք միակողմանիորեն ինչ-որ բան զիջեք»: Իսկ երբ մենք ասում ենք, որ այդ գործընթացները իրար հետ ոչ մի կապ չունեն, ապա մենք ասում ենք, որ չենք կարող միակողմանիորեն ինչ-որ բան զիջել: Ուստի ես կարծում եմ, որ դա ե՛ւ թուրքերն են լավ հասկանում, ե՛ւ մենք: Իրականում այդ երկու գործընթացները վերցնել եւ միմյանց կապելը նշանակում է խորացնել իրավիճակը, դա նշանակում է, որ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ գործընթացները չեն կարող արագ լուծումներ ունենալ:
Վերադառնանք ադրբեջանական թեմային: Կցանկանայի հարցնել Ձեզ այն մասին, որ հենց Հայաստանում էլ բոլորը չէ, որ ոգեւորված են հայ-թուրքական մերձեցմամբ, կամ էլ, եթե ավելի ճիշտ ձեւակերպենք, ոչ բոլորն են շտապում միանալ այդ գործընթացին: Ինչպե՞ս եք գնահատում հայկական ընդդիմության մոտեցումն այդ հարցին:
Կցանկանայի քննադատողների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նրանք փոքր-ինչ ուշացել են իրենց քննադատությամբ, քանի որ ես իմ դիրքորոշումը հստակ ձեւակերպել եմ Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգում: Ես իմ դիրքորոշումը հստակ ներկայացրել եմ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ մեր կուսակցությունը՝ Հանրապետականը, հաղթել է այդ ընտրություններում: Ես իմ դիրքորոշումը բավական հստակ արտահայտել եմ նախագահական ընտրությունների ժամանակ: Այժմ նրանք սկսել են քննադատել կոնկրետ քաղաքականությունը կամ այդ քաղաքականության մի մասը: Բայց նշեմ, որ քննադատների մեջ կան մարդիկ, որոնք իրականում կարծում են, թե չի կարելի որեւէ հարաբերություն հաստատել թուրքերի հետ, քանի նրանք չեն ճանաչել Ցեղասպանությունը:
Դո՞ւք էլ եք այդպես կարծում:
Ես այդպես չեմ կարծում, բայց կարծում եմ, որ քննադատողների մեջ կան այդպիսիք: Ես կարծում եմ, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը չի կարող նախապայման լինել: Եթե ես դա նախապայման համարեի, չէի սկսի այդ գործընթացը: Բայց կան նաեւ մարդիկ, որոնք այսօր քննադատում են, իսկ իրենց ժամանակ փորձում էին անել դա: Իսկ իմ եզրակացությունը մեկն է՝ ամեն ինչ կախված է գործընթացի արդյունքներից: Կլինի այն արդյունավետ` հարաբերություններ կհաստատենք, կբացենք սահմանները, դրա կողմնակիցներն ավելի շատ կլինեն: Չի լինի` հնարավոր է, որ քննադատողներն ավելանան: Բայց այն, ինչ անում եմ, անում եմ համոզված կերպով եւ իրականացնում իմ թիմի կամքը:
Վերադառնանք մեկ այլ՝ Ադրբեջանի հետ փակ սահմանին: Հետաքրքիր կլիներ իմանալ՝ ի՞նչն եք Դուք համարում հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր, կոնկրետ առաջընթաց: Արդյո՞ք դա պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Թե՞, նախ Ադրբեջանին պիտի վերադարձվեն Ադրբեջանական ԽՍՀ այն շրջանները, որոնք չեն եղել ԼՂԻՄ-ի կազմում, բայց այսօր գտնվում են հայկական զինված ուժերի վերահսկողության տակ: "Որտե՞ղ է «ձուն», եւ որտե՞ղ` «հավը» հայ-ադրբեջանական հարաբերություններում:
Այս փուլում այդ ուղղությամբ վերջին իրադարձությունը եղել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների՝ այսինքն, Մինսկի խմբի համանախագահ երկրների Ակվիլայում արած համատեղ հայտարարությունը, եւ այսպես կոչված «մադրիդյան սկզբունքների» որոշ դրույթների հրապարակումը, որ մենք այժմ քննարկում ենք: Բոլորին էլ պարզ դարձավ այն տրամաբանությունը, որ դրված է կարգավորման ներկայիս փուլի հիմքում: Դա Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվեի անցկացումն է, ձեր նշած տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելը, որոնք թե՛ մենք, թե՛ Ղարաբաղն անվանում են «անվտանգության գոտի», եւ բոլոր տեսակի հարաբերությունների կարգավորումը:
Ինչպիսի՞ն պիտի լինեն Լեռնային Ղարաբաղի քաղաքական եւ ֆիզիկական անվտանգության երաշխիքները, որոնք հնարավորություն կընձեռեն, որ Դուք վերադարձնեք այդ տարածքները:
Կարծում եմ, որ քաղաքական եւ ֆիզիկական երաշխիքներն անքակտելի են: Լավագույն քաղաքական երաշխիքը լավ մշակված եւ համաձայնեցված փաստաթուղթն է: Այդ փաստաթղթում պետք է հստակ արձանագրվի այն, ինչը մենք պայմանավորվել ենք, որ որեւէ փուլում ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական, ո՛չ ղարաբաղյան կողմի մոտ հետագա գործողություններից հրաժարվելու կամ լարման առիթ ու պատճառ չի կարող լինել:
Կամ տարբեր մեկնաբանությունների համար…
Այո, այո: Քանի որ, եթե տրամաբանությունն այսպիսին է, իսկ մենք ուրիշը չենք տեսել, որ այդ շղթայի բոլոր օղակները սկսվում են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակից, մենք կհասնենք հաջողության: Այժմ մենք բանակցում ենք նախագահների մակարդակով, արտգործնախարարների մակարդակով, պարբերաբար ժամանում են համանախագահները: Այցելում են Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ: Բազմիցս հանդիպել ենք Ադրբեջանի նախագահի հետ, քննարկել «մադրիդյան սկզբունքների» որոշ հարցեր: Վերջին շրջանում մեզ է միացել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, եւ մենք նրա օգնությամբ գրեթե համաձայնեցրել ենք առաջին կետը, ինչի համար մենք, բնականաբար, երախտապարտ ենք նրան: Ես իմ անունից եմ ասում:
Եվ կարծում եմ, որ մենք պետք է հաճախ հանդիպենք Ադրբեջանի նախագահին եւ շարունակենք բոլոր այդ սկզբունքների քննարկումը: Համանախագահող երկրների նախագահներն իրենց ներկայացուցիչներին հանձնարարել են մեր ուշադրությանը ներկայացնել «մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակը: Եվ եթե այդ նորացված տարբերակն իրականում համապատասխանի «մադրիդյան սկզբունքների» ոգուն ու տրամաբանությանը, ապա դա հրաշալի կլինի:
Վերջին ճշգրտումը, որ կցանկանայի մտցնել հայ-ադրբեջանական օրակարգ, դա աշխարհի, այդ թվում Ռուսաստանի հեռուստադիտողներին այն հասկանալի դարձնելն է։ Ես Ադրբեջանի նախագահի հետ հարցազրույցում նշել եմ, թե արդյո՞ք այդ հանրաքվեին կամ պլեբիսցիտին մասնակցելու են այն ադրբեջանցիները, որոնք ժամանակին ապրել են Լեռնային Ղարաբաղում եւ լքել են այն հայտնի պատճառներով: Այդ հարցում ո՞րն է Ձեր դիրքորոշումը:
Իմ դիրքորոշումը բազմիցս է հնչել, այն է՝ փախստական-ադրբեջանցիները լիարժեք իրավունք ունեն վերադառնալ իրենց հարազատ օջախները, բայց դա կարող են անել միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո: Չի եղել որեւէ հակամարտություն, որտեղ փախստականների վերադարձը ժամանակից շուտ նոր բռնկումներ չսադրի: Իսկ մենք հանուն ինչի՞ ենք գնում լուծման: Հանուն խաղաղության, հանուն կայունության, այն բանի համար, որ յուրաքանչյուր մարդ իմանա, թե որտեղ է ապրելու:
Վերջին հարցը վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին: Որտե՞ղ են գտնվում նրանք, եւ ո՞ւր են շարժվում:
Որքան խորը, այնքան լավ: Մենք միշտ ելնում ենք նրանից, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ հուսալի գործընկերը: Մենք միշտ ելնում ենք նրանից, որ մեր ուսերին բազում դարերի բարեկամություն կա: Այդ բարեկամությունն անհրաժեշտ է հայ ժողովրդին, ռուս ժողովրդի համար կասեն ռուսաստանյան ղեկավարները, ռուսաստանցիները, եւ այդ բարեկամությունն ունի դեռ չօգտագործված պաշարներ: Եթե խոսենք տնտեսական տեսանկյունից, հիշեցնեմ, որ ս.թ. օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են ռուսաստանյան կապիտալով 1300 ձեռնարկություններ ու ընկերություններ, ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ հասել են 2,5 միլիարդ դոլարի, եւ, հաշվի առնելով որոշ խոշոր նախագծերի վերաբերյալ մեր պայմանավորվածությունները, հուսով եմ, որ այդ թիվը առաջիկա 1-1,5 տարվա ընթացքում կկրկնապատկվի: Հայաստանի ավելի քան 40 դպրոցներում կան դասարաններ, որտեղ ուսուցումն անց է կացվում ռուսերեն լեզվով, մենք ունենք մեկ համալսարան, որտեղ ուսանում են 3 հազար ուսանողներ եւ, որտեղ նույնպես ուսուցումը ռուսերեն է կատարվում։ Հայաստանի բոլոր բնակավայրերում ռուսական հանրային հեռուստաալիքները հասանելի են, իսկ 4 հեռուստաալիքներ հասանելի են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, առանց որեւէ լրացուցիչ ծախսերի:




























