Երեւանի քաղաքապետարանում ստեղծվել է մասնագիտական հանձնախումբ, որի նպատակն է ուսումնասիրել մայրաքաղաքի չոր եւ վթարային ծառերը, տալ մասնագիտական եզրակացություն եւ անհրաժեշտության դեպքում կատարել հատում կամ խորը էտ:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ 12 անդամներից կազմված հանձնախմբի կազմում ներգրավված են գիտնականներ, ոլորտի մասնագետներ, բնապահպաններ, ծառագետներ եւ այլն:
Երեւանի ավագանու անդամ Կարեն Անտաշյանը, ով նույնպես ներգրավված է հանձնախմբի աշատանքներում, մասնագետների հետ շրջել է հասցեագրված տարածքներում, ուսումնասիրել չոր եւ վթարային ծառերը:
«Մենք փոքր խմբերով եղանք բոլոր ծառերի մոտ, տվեցինք մեր մասնագիտական եզրակացությունը եւ այժմ աշխատելու ենք կարճ ժամկետներում իրականացնել հատման եւ խորը էտի աշխատանքները: Ուրախ եմ, որ հանձնախումբ ձեւավորելու մեր կոչին օպերատիվ կերպով արձագանքեցին բազմաթիվ մասնագետներ, ինչի շնորհիվ հնարավոր եղավ աշխատանքները սկսել բավական սեղմ ժամկետներում»,- նշել է Կարեն Անտաշյանը:
Համաձայն հանձնախմբի արձանագրությունների՝ մայրաքաղաքում հատման են ենթարկա թվով 437 չոր ծառ, իսկ խորը էտի՝ 467 վթարային ծառ:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը շեշտում է, որ ծառերի չորացման եւ վթարային դառնալու պատճառները տարբեր են:
«Ծառերից շատերն արդեն բավականին ծեր հասակ ունեն, որոշների արմատային համակարգը խորացել է եւ հանդիպել ժայռաբեկորների կամ զարգացել է վերգետնյա, հաճախ հանդիպում է նաեւ ծանր եւ վնասական մետաղների ազդեցություն: Ծառերի համար շատ վնասակար է նաեւ CO գազի արտանետումը»,- նշել է Սուրեն Մաքսապետյանը:
Բնապահպանության վարչության պետի տեղակալը նաեւ հավելել է, որ տարվա ընթացքում առանձին դեպքերում նույնպես կարող են իրականացվել ծառերի հատման կամ խորը էտի աշխատանքներ: Իսկ այն քաղաքացիները, որոնք կհանդիպենք ապօրինի ծառահատումների, կարող են դիմել համապատասխան վարչական շրջանի աշխատակազմ կամ Երեւանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ +(374 11) 514 000 հեռախոսահամարով:
Չոր եւ վթարային ծառերի թվում հաճախակի հանդիպում են նաեւ այնպիսինները, որոնք արտաքինից վնասված չեն երեւում: ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենսաքիմիայի բաժնի ավագ գիտաշխատող Գայանե Ներսիսյանի խոսքերով արտաքինից անվնաս այդ ծառերի մոտ մասամբ բացակայում է արմատային համակարգը, եւ դրանք քամու ազդեցությանբ կարող են հեշտությամբ տապալվել:
Նշենք, որ չոր եւ վթարային ծառերի հատման եւ խորը էտի աշատանքները նախատեսված են մինչեւ նոյեմբեր ամսվա վերջ: Դրանք կլրացվեն ինչպես աշնանային, այնպես էլ գարնանային ծառատունկերի ընթացքում:































