ՀԱՊԿ-ի պոտենցիալի բարձրացումը ձեռք է բերում հատուկ նշանակություն այժմյան պայմաններում, որոնք պահանջում են լրացուցիչ քաղաքական ջանքեր՝ռազմավարական կայունությունն ամրապնդելու եւ միջպետական հարաբերություններում վստահության մթնոլորտը վերականգնելու նպատակով, որպեսզի միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի եւ սկզբունքների հիման վրա լուծվեն միջազգային արդիական խնդիրները։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների հռչակագրում, որն ընդունվել է Աստանայում Հավաքական անվտանգության կազմակերպության խորհրդի նիստի արդյունքներով։
Ղեկավարները հաստատել են անդամ-պետությունների արտաքին քաղաքական դիրքորոշումների համակարգումը շարունակելու եւ խաղաղության ամրապնդման ու մեր երկրների համակողմանի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու Կազմակերպության նպատակների իրականացումն ապահովելու իրենց հաստատակամությունը։
«Ընդգծում ենք միջազգային գործերում ՄԱԿ-ի կենտրոնական դերի ամրապնդման անհրաժեշտությունը եւ միջազգային խաղաղության եւ անվտանգության հարցում նրա Անվտանգության խորհրդի գլխավոր պատասխանատվությունը։ Բավարարվածությամբ նշում ենք ՀԱՊԿ-ի հարաբերությունների ակտիվացումը միջազգային կազմակերպությունների եւ առաջին հերթին ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀՇԿ-ի, ԱՊՀ-ի եւ մյուսների հետ։ Վստահ ենք, որ «ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ համագործակցության» ՄԱԿ ԳԱ հերթական բանաձեւը նոր խթան կհանդիսանա երկու կազմակերպությունների փոխհարաբերությունների զարգացման համար։
Մեծ ուշադրություն ենք դարձնում ՀԱՊԿ-ի շրջանակներում գործող ճգնաժամային իրավիճակներին արձագանքման համակարգի կատարելագործմանը։ Աջակցում ենք իրավական եւ կազմակերպչական համակարգի հիմքերի ստեղծման հետեւողական աշխատանքին, որը ՀԱՊԿ-ին հնարավորություն է տալիս իր արժանի ներդրումն ունենալ միջազգային խաղաղարար գործունեության մեջ։ Այս ենթատեքստում նշում ենք ՄԱԿ-ին ներկայացված առաջարկները՝ ՄԱԿ-ի խաղաղարար գործունեության շահերից ելնելով՝ ՀԱՊԿ-ի խաղաղարար պոտենցիալն օգտագործելու պայմանների ձեւավորման մասին»։
Ղեկավարները նաեւ հաստատել են, որ իրենց աշխատանքի կարեւորագույն ուղղությունը մնում է մեր պետությունների պաշտպանական պոտենցիալի ամրապնդումը։ «Նշում ենք ՀԱՊԿ ՀԱԽ-ի ներկա նստաշրջանի ընդունած որոշումները՝ ՀԱՊԿ Զորքերի (Հավաքական ուժեր) պատրաստումը կատարելագործելու, ՀԱՊԿ արագ արձագանքման Հավաքական ուժերի կառուցվածքի եւ կազմի, ինչպես նաեւ Կազմակերպության հավաքական ուժերի կառավարման համակարգի մասին»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։





























