Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ կատարած հանցագործությունների դատապարտման, մարդասիրական արժեքների նկատմամբ հավատարմության համար փետրվարի 15-ին թուրք իրավապաշտպան եւ հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն պարգեւատրվել է Հայաստանի ազգային գրադարանի շնորհակալագրով եւ Հակոբ Մեղապարտի մեդալով: Նա այն սակավաթիվ թուրքերից է, ովքեր ոչ միայն ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, այլեւ պայքարում դրա ճանաչման համար: Նա իր գործունեության համար հետապնդումների է ենթարկվել Թուրքիայում:

«Ես շատ հպարտ եմ, որ շնորհակալագիր եւ Հակոբ Մեղապարտի մեդալ եմ ստացել, ով Հայաստանի առաջին գրահրատարակիչն է: Ես շնորհակալ եմ այդ գնահատականի համար, սակայն մեզ դեռ պետք է շատ բան անել: Մենք` Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպաններս որեւէ կասկած չունենք, որ 1915թ. հայերի նկատմամբ Թուրքիայի կատարած հանցագործությունը կարելի է որակել որպես ցեղասպանություն»,- ասել է Ռագըփ Զարաքօլուն` հավելելով, որ այդ պարգեւները նվիրում է իր բոլոր ընկերներին, ովքեր զոհվել են Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների եւ ազատությունների սահմանափակումների դեմ պայքարում:

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ լսել է մորից, երբ դեռ երեխա էր: «Շատ եմ սիրում Հայաստանը, հայերին, հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունը, սակայն ես չեմ բավարարվում միայն Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրներով, զբաղվում եմ այլեւ Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներով: Սակայն այն, որ Թուրքիայում խախտվում են մարդու իրավունքները, ցայտուն դրսեւորվում է ցեղասպանությունը չճանաչելու ձգտման մեջ, հետեւաբար, առաջին հերթին, ես զբաղվում եմ հենց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերով»,- ասել է նա:

Զարաքօլուն նշել է, որ իրեն եւ իր գործընկերներին հաջողվել է հասնել Հայոց ցեղասպանության մասին օտարերկրյա հեղինակների մի քանի գրքերի տպագրության, եւ դրանցից առաջինը ֆրանսիացի պատմաբան Իվ Թերնոնի գիրքն է:  «1994թ. «Բելգե» հրատարակչատունը ենթարկվեց գնդակոծման, մի քանի անգամ մենք այն վերականգնել ենք մոխիրներից, բայց արդյունքն արժեր մեր ջանքերը»,- ընդգծել է նա:

«Բելգե» հրատարակչատան ղեկավար Ռագըփ Զարաքօլուն քրեական հետապնդման է ենթարկվել Թուրքիայի քր.օր.-ի տխրահռչակ 301-րդ հոդվածով, իսկ Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի հրատարակման համար կնոջ հետ ձերբակալվել էր: