ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 25-ին հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Այդ մասին ասված է պետքարտուղարի՝ հանդիպումների հրապարակված ծրագրում:

Հիշեցնենք, որ այս օրերին Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանը, որտեղ, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը: Ասամբլեային մասնակցելու համար Նյու Յորք են մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու արտգործնախարարը, նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի ամբիոնից ելույթ կունենա սեպտեմբերի 23-ին, իսկ Սահակաշվիլին՝ հաջորդ օրը; Առայժմ տեղեկություններ չկան Հայաստանի նախագահի մեկնելու մասին: Նախապես հայտարարվել էր, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպելու են Նյու Յորքում, բայց ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը հերքեց այդ տեղեկատվությունը: