Օրերս կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է արձանագրվել, հաղորդում է Econews.am-ը։ 

Մարդկանց կողմից կենդանիների նկատմամբ դրսեւորվող դաժան վերաբերմունքը կարծես սահմաններ չի ճանաչում եւ գրեթե անվերահսկելի եւ անպատժելի ստեղծված իրավիճակում դրա զոհ են դառնում հիմնականում թափառող եւ/կամ ընտանի կենդանիները, մասնավորապես՝ շներն ու կատուները: Այս անգամ դաժան ահազանգ է ստացել թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող «Pawsitive Rescue Armenia - Փոուզիթիվ» նախաձեռնությունը:

Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում ասվում է. «Տեսարանը ահավոր էր, բայց ավելի ահավորն այն է, որ այս ամենը մարդու ձեռքի գործն է։ Այս խեղճ շան վրա լցրել են կամ գուցե թափվել է ինչ-որ նյութ կամ եռման ջուր. հստակ ասել չենք կարող, եւ այս վիճակում նա հայտնվել է դրսում։ Ինչպես նկարում երեւում է, մաշկի մեծ մասը վառված է եւ սկսել է փտել, քանի որ մոտավորապես մեկ շաբաթ նա այս վիճակով ապրում է դրսում։ Մաշկը արդեն չի սնուցվում, կան թարախակալված, բորբոքված հանգույցներ, ականջների հատվածում, վերքերի մեջ արդեն կան ճիճուներ։ Ամենացավալին այն է, որ նրա վրա թափված հեղուկը թափվել է նաեւ աչքերին, եւ նա գրեթե լրիվ կորցրել է տեսողությունը։ Ճիշտ է դեռ մի փոքր հույս կա դեղամիջոցներով վերականգնել այն»:

Նշենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»: 

Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը սահմանող եւ դաժանության դրսորումները կանոնակարգող օրենքի անհրաժեշտության մասին կենդանասերներն ու կենդանապաշտպանները բարձրաձայնում են տարիներ շարունակ, սակայն դաշտը շարունակում է անվերահսկելի մնալ: 

Ինչպես բազմակի անգամ նշել ենք՝ կենդանիների նկատմամբ դրսեւորվող դաժան վերաբերմունքը վկայում է նաեւ մարդու հոգեկան անհավասարակշիռ եւ անառողջ վիճակի մասին: Այդ անձը կամ անձինք վտանգ են ներկայացնում նաեւ մարդկային հասարակության համար: 

«Pawsitive Rescue Armenia - Փոուզիթիվ» նախաձեռնությունը նաեւ տեղեկացնում է. «Նրան ստացվել է բարեհաջող վիրահատել։ Այս պահին վիճակը կայուն է, ստանում է լավ սնունդ, անհրաժեշտ ներարկումներ, ինչպես նաեւ սկսել ենք աչքերի բուժումը, դեռ կան շատ խնդիրներ, նրան երկար բուժում է պետք լինելու: Մի քանի օրից կփորձենք անել երկրորդ վիրահատությունը»։

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: