Իտալիայի իրավապահ մարմինները Eurojust գործակալության եւ ութ եվրոպական երկրների քննչական մարմինների հետ համագործակցությամբ լայնամասշտաբ գործողություն են իրականացրել առցանց տոտալիզատորների ոլորտում մաֆիոզ գործունեության հակազդեցության դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի ազգային վարչության ներկայացուցիչը (DNA), հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Հետաքննության ընթացքում, որը DNA-ի համակարգմամբ զուգահեռ անցկացնում էին Իտալիայի երեք հարավային նահգանգների՝ Բարիի, Ռեջո-դի-Կալաբրիայի եւ Կատանիայի դատախազությունները, հայտնաբերվել է հանցավոր համայնքների ճյուղավորված ցանց, որոնք վերահսկում էին եվրոպական շուկայի սպորտային առցանց տոտալիզատորների զգալի մասը՝ 4,5 մլդ եվրոն գերազանցող խաղագումարների ծավալով:

Ոստիկանությունը գործողության ընթացքում ձերբակալել է 68 մարդու եւ Իտալիայի տարածքում եւ արտասահմանում առգրավել  ավելի քան 1 մլդր եվրոյի գույք:

Ձերբակալվածների թվում էին ոչ միայն մաֆիոզներ, այլ նաեւ հանցագործ կազմակերպությունում ներգրավված ձեռնարկատերեր:

Համացանցի միջոցով արված անօրինական խաղագումարներից ստացված հսկայական եկամուտները հանցագործները ներդնում էին անշարժ գույքի մեջ կամ ապօրինի փոխանցում արտասահմանյան բանկերի հաշիվներին:

Ներկայումս այդ գույքի բռնագրավման գործընթացը սկսվել է Ավստրիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Սերբիայում, Ալբանիայում, Իսպանիայում եւ Մալթայում: Իրավապահները խուզարկություններ են կատարում մոտ 80 քաղաքներում:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ժամանակակից մաֆիայի խմբերի ղեկավարները աշխարհի լավագույն բուհերում ակտիվորեն փնտրում են երիտասարդ տաղանդավոր ուսանողների նրանց գիտելիքներն ու հմտությունները համացանցով հանցավոր համակցություններ իրականացնելու համար օգտագործելու նպատակով: