Մեղադրող Աշոտ Նադոյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից պահանջել է 5 տարվա ազատազրկման դատապարտել «7-ի գործով» մեղադրվող քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանին: Մեղադրողը միաժամանակ պահանջեց հաշվի առնել համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշումը եւ խափանման միջոց նշանակված կալանավորումը վերացնել:

Հիշեցնենք, որ Գրիգոր Ոսկերչյանը մեղադրվում է քր.օր.-ի 225 հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում: Դատախազը միջնորդել է իրեղեն ապացույցները պահել քրեական գործում, Ոսկերչյանի գույքի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ:

Պաշտպանական ճառին պատրաստվելու համար պաշտպանական կողմը դատարանից երկու օր ժամանակ է խնդրել, նաեւ՝ դատախազից պահանջել է մեղադրական ճառը, բայց Աշոտ Նադոյանը հրաժարվեց տրամադրել ճառը: Քաղբանտարկյալն իր հերթին նկատել է, թե իրեն վերջին խոսքի համար լրացուցիչ օր հարկավոր չէ: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 8-ին: