Ինչպես հայտնի է դարձել, ս. թ. օգոստոսին հայ մասնագետների կողմից ժայռապատկերների ուսումնասիրման գիտական աննախադեպ արշավ է ձեռնարկվել Նախիջեւանի Հանրապետությունում,- գրում է Ռուսաստանի հայկական համայնքի «Երեւան» թերթը։ Ինչպես արդարացիորեն հայտարարում են նախաձեռնող կողմի մասնակիցները, արշավախումբը ձախողման կդատապարտվեր առանց նախիջեւանյան կողմի աջակցության։
Հին Հայաստանի հյուսիս-արեւելյան շրջանի տարածքում են գտնվում նեոլիթյան մշակույթի բնորոշ դրսեւորումների՝ ժայռապատկերների, առավել խոշոր 5 կուտակումներ, որոնք ավելի վաղ թվագրված են եղել մեր թվականությունից առաջ III-II դարերով։ Շուրջ 2 հազար կետեր գտնվում են Արագածի լանջերին, մոտ 12 հազար կետեր Գեղամա ու Վարդենիսի լեռնաշղթայի շրջանում, ավելի քան 6 հազար՝ Սյունիքի ու Զանգեզուրի շրջանի լեռներում։ Թվարկված կուտակումներից առավել քիչ է հետազոտված վերջինս, քանի որ գտնվում է Նախիջեւանի Հանրապետության Օրդուբադի շրջանի տարածքում կամ հայկական պատմական Գողթն գավառի տարածքում, Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր լեռան՝ Կապուտջուղի արեւելյան գագաթի արեւմտյան լանջին, «Խաչի աղբյուր» եւ «Գժի աղբյուր» կոչվող աղբյուրների մոտակայքում։
Ժայռապատկերների նշված կուտակումները թողնվել է հողագործության անցած, սակայն դեռեւս որսորդությամբ զբաղվող, ցեղերի կողմից։ Ժայռերի մակերեւույթին հստակորեն երեւում են բազմաթիվ նկարներ, որոնցում պատկերված են նախնադարյան մարդու կյանքի, նրան շրջապատող իրականության
Պատկերացումները։ Նկարների մեջ կան մարդկանց, որսորդության տեսարանի, այծերի, եղնիկների, ցուլերի եւ այլնի պատկերներ։
Նորահայտ ու արդեն հայտնի մի քանի տասնյակ հազար ժայռապատկերների համեմատական վերլուծությունը մատնանշում է ժայռապատկերային միասնական մշակույթի գոյությունը։
Համակարգման ժամանակ ի հայտ են եկել բացառապես աստղագիտական բնույթի պատկերներով մի շարք ժայռապատկերներ, դրանով իսկ հաստատելով կայացած այն թեզը, որ աստղագիտության ծննդյան հնագույն օջախների թվում եղել է նաեւ Հայաստանը։ "Դեռեւս XIX դարում ականավոր այնպիսի աստղագետներ, ինչպիսիք են Մաունդերը, Սվարցը, Ֆլամմարիոնը, կարծիք էին հայտնել, որ աստղագիտության առաջացման հնագույն վայրերից են եղել Հայաստանն ու Փոքր Ասիան։ Նրանց կարծիքով, մարդիկ, որոնք բաժանում էին երկինքը համաստեղությունների, բնակվում էին Երկրի հյուսիսային լայնության 36 եւ 42 աստիճաններում։ Անգլիացի գիտնական Վիլյամ Օլքոթը ուղղակիորեն մատնանշել է, որ նրանք, «ովքեր հորինել են համաստեղությունների հնագույն ֆիգուրները, ամենայն հավանականությամբ ապրել են Եփրատի հովտում, ինչպես նաեւ Արարատ լեռան մոտակայքում»։
Այս թեզն իր հաստատումն է ստացել նաեւ Արագած լեռան, Վարդենիսի եւ Զանգեզուրի լեռնաշղթաների լանջերին գտնվող օբյեկտների որպես աստղադիտարան որակելու հետեւանքով։ Զանգեզուրի լեռնաշղթայի մանրազնին հետազոտման արդյունքում ակադեմիկոս Պարիս Հերունին եզրակացրել է, որ «Քարահունջի աստղադիտարանը կառուցվել եւ գործել է ավելի քան 7500 տարի առաջ»։




























