ՀՀՇ վարչության անդամ, տարիներ առաջ Հայաստանի Անկախության հռչակագիրը կարդացած Արամ Մանուկյանի համար անկախության 18 տարիների ամենամեծ ձեռքբերումը քաղաքացու մոտ արժանապատիվ ապրելու զգացումն է:
«Անկախության 18 տարիների ամենամեծ հաղթանակը քաղաքացու մոտ արժանապատիվ ապրելու զգացումն է, սեփական երկրի ճակատագրին մասնակից լինելու զգացողությունը եւ այդ հոգեբանության վրա Արցախի ազատագրումը, Արցախում կայացած հաղթանակները: Դա ինձ համար մեծագույն արժեքներ են»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արամ Մանուկյանը՝ նկատելով, որ դա շարունակական գործընթաց է. «Արժանապատիվ ապրելու ձգտումը անընդհատ դաստիարակվելու, հզորանալու կարիք ունի: Դա ավարտված գործ չէ»:
Ըստ Մանուկյանի՝ Հայաստանի գործող իշխանություններն այս փուլում ամբողջ թափով աշխատում են դրա դեմ: «Որ արժանապատիվ ապրելու ձգտումն ու սեփական երկրի ճակատագրին մասնակից լինելու զգացողությունը խամրի, թուլանա: Դա ակտիվ խոչընդոտվող գործընթաց է»,- արձանագրեց ՀՀՇ վարչության անդամը:
Իսկ ամենամեծ կորուստը, ըստ Մանուկյանի, այն է, որ «տարիներ շարունակ մորթվում են իր նշած արժեքները»: «Փորձում են վերականգնել հին, ուրիշի հովանու տակ ապրելու ձեւը, կենսակերպը, որը անպատասխանատվության լավագույն դրսեւորումն է, այսինքն թող ուրիշները որոշեն մեր երկրի ճակատագիրը, ուրիշները տնօրինեն մեր երկրի հարստությունը, մենք զերծ լինենք պատասխանատվությունից, փոխարենը՝ պահենք իշխանությունը: Սա մեր մեծագույն կորուստն է, երբ իշխանությունը պահելու մոլուցքը կորցնում է անկախության արժեքները: Մենք այսօր այդ փուլում ենք ապրում»,- բարձրաձայնեց Արամ Մանուկյանը՝ դա համարելով անկախության 18 տարիների մեծագույն կորուստը:
Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր նշում է իր անկախության 18-ամյակը: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի մասնակիցների շուրջ 99 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանը անկախ պետություն տեսնելուն:




























