Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կընտրվի երկրորդ ժամկետով, եթե իր ընթացիկ աշխատանքի արդյունքները հաջող լինեն։ Նման հայտարարությամբ է նա հանդես եկել CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը տեղադրված է նախագահի կայքում։ «Մենք պետք է ավարտենք այն աշխատանքը, որը հիմա կատարում ենք։ Եթե այն հաջող լինի, ապա նման որոշումներ, իհարկե, կարող են ընդունվել»,- ասել է Մեդվեդեւը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է 2012 թվականին մասնակցի նախագահական ընտրություններին։
«Ես կարծում եմ, որ ամենակարեւորն է կատարել այն ամենը, ինչ ես խոստացել եմ այս փուլում։ Այն մարդը, ով չի կատարել այս փուլում իր վրա դրված աշխատանքը եւ խոսում է այն մասին, որ պետք է աշխատի նաեւ հաջորդ փուլում, եւ մասնակցի նոր ընտրարշավին, նա անպատասխանատու է։ Նախագահ Օբաման երբեւէ ասե՞լ է, որ պետք է առաջադրվի երկրորդ ժամկետով։ Ես դեռ այդ մասին չեմ լսել»,- նշել է ՌԴ նախագահը։
Մեկնաբանելով այն ենթադրությունները, թե Վլադիմիր Պուտինի ընտրության դեպքում ինքը կդառնա երկրի վարչապետ, Մեդվեդեւն ասել է. «Եթե խոսենք պատասխանատու քաղաքական գործիչների մասին, որոնք ներկայացնում են նույն քաղաքական ուժը, ապա նման որոշումների կայացման դեպքում, լինի դա 2012 թվականին, թե 2017-ին, պետք է նայել առկա իրավիճակին»։
«Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է պատասխանատու լինի։ Եթե, ենթադրենք, կուսակցությունը որոշում է կայացնում որեւէ մեկին առաջադրել նախագահի պաշտոնում, նա ելնում է այն բանից, թե ինչ վիճակում է այդ մարդը, որքանով է նա հարմար, ունա՞կ է արդյոք հաղթելու»,- պարզաբանել է նա։ Միաժամանակ, ըստ Մեդվեդեւի, պետք է հաշվի առնվեն նաեւ սովորական ցուցանիշները, օրինակ՝ վարկանիշը։ «Մենք դեռ նորմալ վարկանիշ ունենք, ուստի մենք միմյանց (Պուտինի) հետ կպայմանավորվենք։ Դա հաստատ է»,- եզրափակել է ՌԴ նախագահը։



















