Հայաստանի հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականությունն անասելի երկդիմի է,  եւ մինչեւ հարաբերությունների կարգավորման` Հայաստանի նախագահի նախաձեռնության մեկնարկը, միջազգային հանրությունը գտնվում էր խորը մոլորության մեջ:

Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ, Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական հաղորդման տնօրեն Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահի դիմումը Հայաստանին, որով նա խնդրում էր աջակցել Անկարային ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թուրք գործչի նշանակման հարցում:

Ըստ Բեքարյանի, հենց այդ քայլերով էլ երկար ժամանակ Թուրքիային հաջողվում էր միջազգային հանրության մեջ կարծիք ձեւավորել, թե դրական է տրամադրված Հայաստանի նկատմամբ, իսկ հայկական կողմը զրոյի է հավասարեցնում «բարիդրացիական» հարաբերությունները: Ներկայումս գլխավոր խաղացողների մոտ բացասական կարծիք է ձեւավորվել Թուրքիայի  նկատմամբ` նրան մեղադրելով հայ-թուրքական գործընթացը ձախողելու մեջ:

Բեքարյանը միանշանակ պնդել է, որ Հայաստանը պետք է մերժեր Թուրքիային եւ մերժեր բարձրաձայն. «Չի կարելի փակ պահել սահմանն ու նրա նկատմամբ հարկադրման քաղաքականություն վարել, մյուս կողմից երկդիմի ակցիաներ անցկացնել եւ աջակցություն խնդրել Հայաստանից»,- նշել է նա եւ հավելել, որ ինչ քայլերի էլ դիմի Թուրքիան, այն չի կարող բարեկամական երկիր լինել Հայաստանի համար: