Բրիտանացի գիտնական Մեթյու Հեջեսը երեքշաբթի ժամանել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայան, երբ նախօրեին նրա համաներման մասին տեղեկություն է հրապարակվել, հայտնում է BBC-ն:
Մեծ Բրիտանիա վերադառնալուն պես նա լրագրողներին հայտնել է, որ շնորհակալ է կնոջը՝ Դանիելային եւ ընտանիքին, որոնք օգնել են լուծել իր ազատման հարցը:
31-ամյա բրիտանացի Հեջեսը սովորում էր Անգլիայի Դարեմի համալսարանում: Նա ԱՄԷ էր մեկնել ատենախոսությունը գրելու համար նյութեր հավաքելու: Այնտեղ նա մեղավոր էր ճանաչվել բրիտանական կառավարության օգտին լրտեսության մեջ:
Բրիտանացուն ձերբակալել էին այս տարվա մայիսին Դուբայի օդանավակայանում, երբ անցկացրած հետազոտությունից հետո Մեծ Բրիտանիա էր վերադառնում: Այնուհետեւ նա 5 ամիս մենախցում է բանտարկվել: Այս ժամանակահատվածում նրան մի քանի անգամ հարցաքննել են առանց փաստաբանի եւ հյուպատոսարանի ներկայացուցչի:
Աբու Դաբիում դատական նիստը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ եւ տեւել ընդամենը 5 րոպե, որի արդյունքում նրան լրտեսության մեղադրանքով դատապարտել էին ցմահ ազատազրկման:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Հեջեսը ԱՄԷ-ի նախագահի կողմից համաներման է արժանացել:





























