Երկուշաբթի՝ նոյեմբերի 26-ի երեկոյան Կիեւում անհայտ անձը մի քանի ճայթռուկներ է նետել Ocean Plaza (Անտոնովիչ 176) առեւտրի կենտրոնի տարածք։ Ծխի պատճառով համալիրի այցելուներին ստիպված են եղել տարհանել։

Աշխատել են հրդեհի ազդանշանները։ «Սակայն հրդեհ չի եղել»,-նշել են Կիեւի փրկարարական ծառայությունից։

Ականատեսները հայտնել են մի քանի ճայթռուկների եւ թանձր ծխի մասին։

Նշվում է, որ տուժածներ չկան։

Ocean Plaza առեւտրի կենտրոնը պատկանում է հայտնի կառուցապատող Վագիֆ Ալիեւին, որը նաեւ հանդիսանում է «Մանդարին պլազա», Ocean Plaza, Lavina Mall, Blockbuster Mall առեւտրի կենտրոնների սեփականատերը։