ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` մաղթելով խաղաղություն, քաջառողջություն եւ ամենայն բարիք:

ԼՂՀ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Անկախ պետականության կերտումը մի դժվարին, բայց միաժամանակ պատվարժան ճանապարհ էր, որը մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց: Հայ ժողովուրդը վերականգնեց սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու իր իրավունքը:

Այսօր էլ` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի իշխանությունները անում են հնարավորը` դիմակայելու տարբեր մարտահրավերների եւ սոցիալ-տնտեսական զարգացման կայուն հիմքեր ստեղծելու ուղղությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետությունը կհասնի նորանոր ձեռքբերումների ու նվաճումների, կտոնի նոր հաղթանակներ եւ կիրականանան հայ ժողովրդի նվիրական իղձերը:

Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն եւ ամենայն բարիք` հանուն Հայաստանի եւ Արցախի հզոր ու բարգավաճ ապագայի»: