Հայաստանյան լրատվամիջոցների խնդրանքով Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ազատագրված Արցախի Հակ գյուղում ներկա էր Սբ. Մինաս եկեղեցու վերաօծման արարողությանը, անդրադարձել է վերջին օրերին քաղաքական շրջանակների բուռն քննարկումներին արժանացած եւ հանրությանը հուզող մի քանի հարցերի. Արցախ, Թուրքիա-Հայաստան, «Ժառանգություն», Հավաքական պատասխանատվության հրամայականը:

«ԱԺ-ն առաջիկայում քննելու է Թուրքիա-Հայաստան նախաստորագրված արձանագրությունները: Խորհրդարան, որի քաղաքական եւ իրավական լեգիտիմությունը խիստ թեական է, եւ դրա համար կան բավականաչափ ապացույցներ`մարտի 1-ի հետքերով „քաղաքական բանտարկյալ“ սահմանումը շրջանառության մեջ մտավ հենց խորհրդարանի մեղսակցությամբ, ՀՀ ԱԺ-ն անգամ օրակարգ չմտցրեց ԼՂՀ ճանաչման նախագիծը` նրա սահմանադրական սահմաններով եւ հիմա այս կարգավիճակով պետք է քննի մեր իրավատիրության ու արժանապատվության, մեր ժառանգության ու ապագայի ամենակարեւոր հարցը: Այն նախապայմանները, որոնց Հայաստանը դիմակայել է եւ որոնք մերժել է 18 տարի շարունակ, այսօր արդեն մտել են այդ արձանագրության մեջ: Ես պատիվ եմ ունեցել ներկայացնել Հայաստանը 1992թ. հունվարի վերջին օրը` Պրահայում, երբ որ մենք մտնում էինք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողով: Այն ժամանակ Թուրքիայի մեր գործընկերներն անդամակցության վետոյի սպառնալիք էին դրել բոլոր անդամ պետությունների առջեւ` պահանջելով Ղարսի պայմանագրի հաստատում, պատմական պահանջներից հրաժարում ու նաեւ ահաբեկչության դատապարտում: Հայաստանն այն ժամանակ արժանվույնս պատասխանեց թուրքական սպառնալիքին եւ ասաց, որ եթե Թուրքիան ուզում է քեմալաբոլշեւիկյան պայմանագրի հաստատման շուրջ պատմական քննարկում անցկացնել միջազգային այդ ասպարեզում, Հայաստանը պատրաստ է իսկույնեւեթ 1921 հասնել եւ 1915, որովհետեւ չի կարելի հաստատել կամ վերահաստատել ապօրինի մի փաստաթուղթ` անտեսելով մեր Հայրենազրկման ու Ցեղասպանության ողջ ժառանգությունը` բոլոր հարակից հարցերով հանդերձ, որոնք տակավին մնում են չլուծված: Թուրքիան վետոյի սպառնալիքը ետ քաշեց»,- նշել է Ր. Հովհաննիսյանը, հավելելով, որ այդ արձանագրություններով Հայաստանը «դե յուրե» ճանաչում է այն սահմանը, որը «դե ֆակտո» գոյություն ունի այս երկու երկրների միջեւ, իսկ պատմական ենթահանձնաժողովի ստեղծումը արգելակելու է ցեղասպանությունը ճանաչելու ու հատուցելու` ողջ աշխարհի ջանքերը:

«Թուրքերը 1993-ին միակողմանիորեն Հայաստանը ենթարկեցին ապօրինի շրջափակման եւ հիմա այն հանելու դիմաց տեսեք, թե ինչի են ուզում հասնել. բոլոր նախապայմանները, որ 18 տարի առաջ պնդում էին, առկա են սույն արձանագրության մեջ, նույնիսկ` ահաբեկչության դատապարտումը: Իսկ ո՞ւր է Ցեղասպանության թեկուզ ընդհանրական դատապարտումը: Այդ մասին ոչ մի բառ: Այո, այնտեղ գրված չէ Արցախ անվանումը, բայց երկու օր առաջ Թուրքիայի ԱԳ նախարարը, ով ճարտարապետն է այս գործընթացի, միացավ իր վարչապետին` ասելով, որ չի լինելու որեւէ սահմանի բացում, քանի դեռ „բռնազավթված տարածքները“ չեն վերադարձվել Ադրբեջանին»,-նշում է «Ժառանգության» ղեկավարը:

Այնուհետեւ անդրադառնալով «Ժառանգությունում» տիրող վիճակին, նա նշել է, որ «Ժառանգությունը» մի հոգու կուսակցություն չէ, հետեւաբար, այդտեղ պատասխանատվությունը միայն իրենը չէ: «Ես կարծում եմ, որ „Ժառանգությունը“` որպես առաջատար ուժերից մեկը, կգտնի այս իրավիճակը հարթելու ձեւը: Բայց եթե մինչեւ այս ամսվա վերջը դա չանի, ես ինքս կլուծեմ խնդիրը»,- հայտարարել է Ր. Հովհաննիսյանը եւ միասնության կոչ արել քաղաքական ուժերին:

«Պետք է հասկանալ, որ այս անգամ եթե հաջողելու ենք, եթե տեր ենք դառնալու մեր ապագային, մեր հայրենիքին եւ քաղաքացուն, ապա դա անելու ենք միասին: Եվ այդ միասնությունն է, որ մենք այսօր այստեղ տեսնում ենք` այս գեղեցիկ տոնի առթիվ, որտեղ հայ մարդը` ի հեճուկս մեր դառը պատմության, ապրում է ազատագրված իր երկրում»,- ընդգծել է նա Արցախի Քաշաթաղի շրջանում: