ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ցույց է տվել երկու էլեկտրոնային նամակ, որոնք Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Կոհենն ուղարկել է Մոսկվա՝ կապված Trump Tower-ի հետ՝ տեղեկացնում է Bloomberg-ը։
Կոհենը 2016թ․ ուղարկված նամակներում հանդիպում է խնդրել աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ Իվանովի հետ՝ պատմել է Կրեմլի մամուլի քարտուղարը։
Նամակներից մեկում Կոհենը գրել է, որ մի քանի ամիս աշխատել է Մոսկվայում Trump Tower-ի կառուցման նախագծի վրա եւ ուզում է հանդիպել իրավասու որեւէ մեկի, ցանկալի է Իվանովի հետ։ Նա նաեւ գրել է, որ կազմակերպությունը ուզում է շենք կառուցել Մոսկվայում, սակայն անհրաժեշտ բիզնես-կոնտակտներ չունի։
Պեսկովը հավելել է, թե «նրանց զանգել» եւ ասել են, որ «նախագահի աշխատակազմը տներ չի կառուցում», եւ եթե ուզում են ներդրումներ անել, ուրախ կլինենք ընդունել նրանց Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում։ «Ահա եւ ողջ պատմությունը, դրանից հետո նրանք անհետացան»,- ասել է Պեսկովը։
Անդրադառնալով այն պատմությանը, թե Trump Organization-ը մտադիր է եղել շենքում պենտհաուզ նվիրել Պուտինին, որպեսզի բնակարանների գները բարձրանան, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, թե նման առաջարկ չի եղել։
Նոյեմբերի 29-ին Կոհենն ասել էր, թե Trump Tower-ի կառուցման բանակցություններն ավարտվել են 2016թ․ հունվարին, թեեւ դրանք տեւել են մինչեւ հունիս, երբ Թրամփի նախընտրական քարոզարշավի թեժ ժամանակն էր։ Թրամփն ինքը հայտարարել է, որ գումար չի ներդրել այդ նախագծի մեջ եւ որեւէ երաշխիք չի տվել։





























