Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ տարատեսակ պատժամիջոցները եւ աշխարհում ծագող առեւտրային պատերազմները Եվրասիական տնտեսական միության համար «յուրահատուկ շանս» են՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Россия 24»-ին տված նախագահի հարցազրույցը։
«Ներկայում աշխարհում ընդհանրապես տարօրինակ, սարսափելի իրավիճակ է առեւտրի ոլորտում։ Խոսում են առեւտրային պատերազմների մասին․․․ Սակայն մեզ համար դա ․․․ յուրահատուկ շանս է։ Ռուսաստանին ճնշում են ամեն կողմից։ Ես տեսնում եմ, թե ինչպես եք պաշտպանվում։ Այդ պատժամիջոցների մասին բարբաջանքներն ամենուր են։ Լսե՛ք, հանգստացե՛ք։ Մենք ոչ մեծ երկիր ենք եւ պատժամիջոցների տակ ենք եղել 10 տարի։ Շրջանցել ենք, ինչպես իժերը թավայի վրա։ Գոյատեւել ենք։ Իսկ եթե մենք միավորվել ենք, եւ միասին ենք՝ դա շանս է մեր տնտեսությունների համար»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքերով՝ «անհնար է այսպիսի ահռելի տարածքը՝ մոտ 200 միլիոն բնակչությամբ եւ տնտեսությունների, ձեռնարկությունների նման սերտաճմամբ, ինչ-որ տեղ «գցել» պատժամիջոցների պատճառով»։ «Մենք հպարտ խորհրդային մարդիկ ենք՝ այն ժամանակաշրջանից, այսպիսի բաներ չէ, որ հաղթահարել ենք։ Շուրջբոլորը երկաթյա վարագույրներ էին, եւ մենք ապրում էինք»,- ասել է նա։





























