Մեր թիկունքում շուրջ 250 օրենքներ են, որոնց շնորհիվ Հայաստանում 212 հազար մարդ ստացավ իր ավանդները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Մարտունիում «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ եւ ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը։
«Ամեն քաղաքացի պետք է իմանա, որ քվեարկելով «Օրինաց երկիր» կուսակցության օգտին՝ նա քվեարկում է ավանդների վերադարձման օգտին, այդ թվում՝ մահացած ավանդատուների ժառանգներին»,– նշեց նա։
Բաղդասարյանը համոզված է՝ այսօր Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների եւ դժվարությունների առջեւ. «ՕԵԿ–ի համոզմամբ՝ այսօր պետք է խորացվի հայ–ռուսական համագործացությունը։ Մենք մերժում են համատարած հայտարարագրման մոդելը եւ կողմ ենք, որ մարդիկ կարողանան անարգել իրականացնել իրենց աշխատանքային գործունեությունը ՌԴ–ում։ Մենք հանդես ենք գալիս ՀԱՊԿ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը խորացնելու օգտին, ԵԱՏՄ-ում Հայաստանի համագործակցությունը խորացնելու օգտին, քանի որ գյուղացին այսօր կանգնած է իր ապրանքը մթերելու, իր ապրանքը վաճառելու անհրաժեշտության առջեւ, եւ մենք գտնում ենք, որ պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա գյուղատնտեսության ոլորտում առաջընթաց ապահովելու գործում»։
Նրա խոսքով՝ քանի որ պետությունը չի կարողանում գյուղացուն ապահովել աշխատանքով, մենք առաջարկում ենք հողի վրա աշխատող մարդու եւ հատկապես կանանց աշխատանքը ձեւակերպել որպես աշխատանքային ստաժ եւ ժամանակին նրանց վճարվի արժանապատիվ կենսաթոշակ։
Արթուր Բաղդասարյանը շեշտում է՝ ՕԵԿ–ի շնորհիվ է, որ անվճար ծննդօգնության սերտիֆիկացիոն համակարգ եւ անվճար պոլիկլինիկական ծառայությունների համակարգ է գործում Հայաստանում. «Ես չեմ խոսում ժողովրդի լեզվով ասած մաղարիչներից, ես խոսում եմ, որ մեր հեղինակած օրենքով դա դարձրել ենք անվճար։ Մենք հիմա առաջարկում ենք, որ առողջապահությունը ՀՀ–ում դառնա հասանելի, որ մարդիկ չմահանան միայն նրա համար, որ փող չունեն, որ օրենքով ընդլայնվի անվճար դեղերի ցանկը, որ կյանքի հետ կապված բոլոր հիվանդությունների բուժումը տեղի ունենա պետական միջոցների հաշվին»։
ՕԵԿ-ը առաջարկում է ՀՀ–ում ներդնել մայրական կապիտալի ինստիտուտ. երեխան ծնվեց, պետությունը պետք է փող տրամադրի մորը, որպեսզի նա կարողանա իր երեխայի կեցության խնդիրները հոգալ։
Բաղդասարյանը նշում է՝ գործազրկությունը հարձակվել է մարդկանց վրա եւ պետությունը պետք է ակտիվ դեր ստանձնի զբաղվածության հարցը լուծելու համար։





























