Նիգերիայի նախագահ Մոհամմադ Բուհարին փորձել է ցրել այն լուրերը, թե ինքն իբր մահացել է եւ իրեն փոխարինել է կրկնակը: Համացանցում ավելի վաղ ենթադրություններ էին տարածվել, որ իսկական նախագահի փոխարեն հանրությանը ներկայանում է Ջոբրիլ անունով ոմն սուդանցի:
75-ամյա Բուհարին մտադիր է մասնակցել 2019-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն 2015 թվականից նա լուրջ առողջական խնդիրներ ունի: 2017 թվականին նա 3 ամսով Բրիտանիա էր մեկնել բուժվելու, փոխանցում է BBC-ն:
Լեհաստանում մասնակցելով ՄԱԿ կլիմայի հարցերով համաժողովին՝ Նիգերիայի առաջնորդը իր առողջության մասին բամբասանքներն անվանել էր «անքաղաքավարություն եւ անաստվածություն»: «Շատերը հույս ունեին, որ ես հիվանդության ժամանակ մահացել եմ: Ոմանք անգամ դիմել էին փոխնախագահին իրենց նրա տեղակալ նշանակելու խնդրանքով՝ ենթադրելով, որ ես մահացել եմ: Սա, իհարկե, նրան [փոխնախագահին] շատ վրդովել է: Նա եկավ ինձ մոտ Լոնդոն, երբ ես առողջանում էի… Ձեզ հավաստիացնում եմ՝ սա իրականում ես եմ»,- ասել է Բուհարին:
Նիգերիայի նախագահը խոստովանել է, որ «իր ամբողջ կյանքում երբեք այսքան ծանր չէր հիվանդացել», սակայն չի հայտնել իր հիվանդության բնույթը եւ հավաստիացրել է, որ լիովին առողջացել է:
Նիգերիայի նախկին փոխնախագահ 72-ամյա Ատիկու Աբուբաքարն առաջիկա ընտրություններում համարվում է Բուհարիի գլխավոր մրցակիցը:





























