Աֆղանստանում հակամարտությունը բավականին երկար է շարունակվում, եւ ԱՄՆ-ն այն կարգավորելու համար դիմում է մյուս երկրների օգնությանը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը՝ Վաշինգթոնում Հնդկաստանի պաշտպանության նախարար Նիրմալա Սիթարամանի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մեթիսին խնդրել են մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Պակիստանի վարչապետ Իմրան Խանին Աֆղանստանի հակամարտության լուծմանը նպաստելու խնդրանքով նամակ ուղարկելու մասին: «Մենք պատասխանատու երկրների ենք փնտրում [Հնդկական] ենթամայրցամաքում եւ Աֆղանստանում պատերազմի շրջանակում խաղաղության պահպանման համար: Այն երկար տեւեց, մոտենում է 40 տարվան: 40 տարին բավականին երկար է, ժամանակն է, որ բոլորը ՄԱԿ-ին սկսեն աջակցել… բոլոր նրանք, ովքեր փորձում են խաղաղությունը պահպանել եւ լավագույն աշխարհ կառուցել»,- շեշտել է Մեթիսը:
«Մենք այդ ճանապարհի վրա ենք, այն վարում են դիվանագետները, որոնք հնարավոր ամեն ինչ կանեն՝ աֆղանստանցի ժողովրդին պաշտպանելու համար»,- եզրափակել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:





























